Search
Close this search box.

Վարչապետի աշխատակազմը առաջարկվում է Երեւանի քաղաքապետի տեղակալների թիվը 3-ից դարձնել 4

ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից մշակվել եւ Ազգային ժողով է ներկայացվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Երեւանի քաղաքապետի տեղակալների թիվը 3-ից դարձնել 4: Առաջարկը պայմանավորված է Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում ձեւավորվում է աշխարհազոր:

Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարված փոփոխության` տվյալ համայնքի պայմանական աշխարհազորային բրիգադի ղեկավարը պետք է լինի քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը:

«Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երեւան քաղաքում քաղաքապետի տեղակալի` որպես համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավար (հրամանատար) հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը»,- ասվում է նախագծում:

Որոշ մարզերում արդեն նշանակվել են փոխմարզպետներ, որպեսզի ղեկավարեն տվյալ մարզերի աշխարհազորային բրիգադները: Այս նախագծի ընդունումից հետո Երեւանի քաղաքապետի տեղակալ կնշանակվի մի անձ, ով կղեկավարի Երեւանի աշխարհազորը: