Search
Close this search box.

Հայկական բանակը լուծել է ռազմավարական խնդիրը. Թուրքիան ստիպված է բացվել

WarGonzo ռուսական Տելեգրամ ալիքը հայտնել է, որ Թուրքիան 1200 հատուկջոկատային է տեղափոխել Ադրբեջան, որպեսզի դրանք փոխարինեն ադրբեջանական հատուկջոկատայիններին՝ Արցախի հարավում դիվերսիոն մարտավարությունը շարունակելու համար:

Ադրբեջանի բանակ գոյություն չունի, եւ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը առաջին օրից մինչեւ այժմ աշխարհին է ներկայացնում այդ իրողության մեկը մյուսին հաջորդող վկայությունները: Հայկական բանակը արդեն մոտ մեկ ամիս, անհամեմատ սուղ ռեսուրսով դիմակայում է թուրք-ադրբեջանա-ահաբեկչական մի հիբրիդի, որը հագեցած է նաեւ իսրայելական ժամանակակից տեխնոլոգիաներով: Այդ հիբրիդը մեկ ամսվա ընթացքում չի կարողացել լուծել շատ թե քիչ նշանակալի որեւէ ռազմավարական ռազմական խնդիր, որը համարժեք կլիներ այն մասշտաբներին ու ծավալին, որ պարունակել է պատերազմի նախապատրաստական ընթացքը եւ դրա իրացումը:

Հայկական բանակը, այն էլ գործունեության իր ոչ ամբողջական ծավալով ու ռեսուրսով, կազմալուծել է հիբրիդային մեքենան, ստեղծելով մի վիճակ, երբ Թուրքիան իր ռազմական մասնակցությամբ գնում է ավելի ու ավելի բացվելու քաղաքական ռիսկի:

Հայաստանի զինված ուժերը, անկախ պատերազմի մարտավարական ընթացքից, արդեն իսկ լուծել են ռազմավարական կարեւորագույն խնդիր: Հայկական զինուժը վերհաստատել է ռեգիոնալ կայունության անվերապահ առանցքի իր դերն ու առաքելությունը:

Այդ հարցը արցախյան առաջին պատերազմից հետո մշտապես եղել է ուժային ամենատարբեր կենտրոնների ուշադրության եւ զննության առարկան: Բաքվի իշխանության միլիարդավոր դոլարների սպառազենային գնումների նպատակը միայն ռազմական ռեւանշը չէր, այլ հենց հայկական բանակի կարգավիճակի վիճարկումը:

Դա տապալվել է, Ադրբեջանը դիմանում է միայն Թուրքիայի օգնությամբ, այն էլ ավելի ու ավելի բացահայտ օգնության անհրաժեշտության աճով:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո լինելու է բոլորովին այլ ռեգիոն, ու անկասկած է, որ ինչպիսին էլ լինի նոր իրողության տանող վեկտորը, նախկինից մնալու է թերեւս մի բան՝ հայկական զինված ուժերի կարգավիճակի անսասանությունը: Այն քաղաքական բովանդակությամբ հարստացնելն է հայկական պետականության եւ հայության ռազմավարական խնդիրը:

Lragir.am