Search
Close this search box.

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվե՞լ են Արցախի հարցում

Մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է երկու հարց՝ ԱՄՆ հետ Ռազմավարական հարձակողական զենքեր-3 պայմանագրի երկարաձգումը եւ Ղարաբաղի հարցը։ Դրանից հետո Ռուսաստանն առաջարկել է առանց նախապայմանների երկարաձգել պայմանագիրը, որն ամերիկյան կողմը մերժել է։ Երեկ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը զիջել է ԱՄՆ պահանջներին ու համաձայն է երկարացնել պայմանագիրը՝ սառեցնելով միջուկային մարտագլխիկների թիվը։

Վաշինգտոնը դեռ չի պատասխանել Ռուսաստանի զիջմանը, բայց փորձագետները ենթադրում են, որ Մոսկվան ու Վաշինգտոնը հնարավորություն ունեն գլոբալ համաձայնության հասնելու։ Համագործակցության հաստատման «ամենահարմար» հարթակը կարող է դառնալ ղարաբաղյան հարցը, որտեղ Մոսկվան ու Վաշինգտոնն աշխատում են նույն ձեւաչափում։ Ղարաբաղյան կարգավորման ու ամերիկա-ռուսական ռազմավարական պայմանավորվածության կապվածության մասին է վկայում նաեւ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստի օրակարգը, որում ընդամենը երկու հարց է եղել։

Եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվեն ռազմավարական հավասարակշռության նկատմամբ վերահսկողության վերաբերյալ, եւ Մոսկվան պատրաստ է դրա համար զիջումների գնալ, դա կարո՞ղ է ազդել ղարաբաղյան կարգավորման վրա։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե Ղարբաղում իրավիճակը կարող է կարգավորվել Վաշինգտոնի հետ սերտ աշխատանքով:

Այսօր կարճաժամկետ այցով Մոսկվա է մեկնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որից հետո էլ կուղեւոերվի ԱՄՆ, որտեղ պետք է հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Այնտեղ է մեկնելու նաեւ Բաքվի արտգործնախարար Բայրամովը։ Եթե ԱՄՆ-ը հրադադար նախաձեռնի Ղարաբաղում, ապա դա կլինի երրորդ փորձը Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո։ Մյուս կողմից, եթե Վաշինգտոնը հրադադար նախաձեռնի կամ միանա ռուսական նախաձեռնությանը, ապա պետք է հաստատվեն նաեւ դրա պահպանման հստակ մեխանիզմները։

Հրադադարի պահպանման ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը։ Ռուսական պաշտոնական շրջանակներն առաջարկում են ռուս խաղաղապահներին։ Ամերիկացիները դեռ 2015 թվականից առաջարկում են վերահսկողության մեխանիզմների գաղափարը։ Իսկ թե ինչ է առաջարկում Ֆրանսիան, այնքան էլ պարզ չէ։ Ժամանակին նախկին նախագահ Օլանդն առաջարկել է ոչ միայն վերիֆիկացիոն, այլ նաեւ պատժիչ մեխանիզմներ ներդնել։

Կա եւս մեկ հարց՝ որտեղ պետք է այդ մեխանիզմները դրվեն։ Այն գծով, որը կորոշի ռազմական գործողությունների ե՞լքը։
lragir.am