Search
Close this search box.

Էրդողանը զանգեց առաջինը. Ինչ փոխեց հայկական բանակը

Հոկտեմբերի 14-ին Կրեմլը տեղեկություն տարածեց, որ Էրդողանը զանգահարել է Պուտինին, հանգամանալից քննարկվել է արցախյան գոտում պատերազմը, ինչպես նաեւ իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում:

Թուրքիայի սանձազերծած պատերազմի առաջին օրերին Կրեմլի խոսնակ Պեսկովը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Պուտինը հեռախոսազրույց է ունենալու Էրդողանի հետ, նշել էր, թե առայժմ չկան այդպիսի ծրագրեր, ամեն ինչ կախված կլինի անհրաժեշտությունից:

Պուտինն ու Էրդողանը 18 օր չէին զանգահարում միմյանց, ըստ երեւույթին սպասելով, թե ով է առաջինը զգալու զանգահարելու անհրաժեշտություն: Փաստորեն այդ անհրաժեշտությունն առաջինը զգացել է Էրդողանը:

Կասկածից վեր է, որ այդ զանգը գործնականում առաջին հերթին «թելադրել» է հայկական բանակը՝ որ թույլ չի տվել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորմանը հասնել ռազմական այնպիսի հաջողության, որը թույլ կտար թելադրել քաղաքական պայմաններ:

Միաժամանակ հետաքրքիր է քաղաքական ֆոնը, որի պայմաններում հնչել է Էրդողանի զանգը: Նախ, մոսկովյան հրադադարի նախաձեռնության անիրագործելիությանն ի պատասխան Ռուսաստանը աշխուժորեն խաղի մեջ մտցրեց Շոյգուին, որը խոսեց թուրք նախարար Աքարի, հետո Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Զուգահեռ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնելով Հայաստանի տարածքում Ադրբեջանից զինտեխնիկայի թիրախավորման մասին, հայտարարեց, որ Հայաստանը մինչ այժմ ձեռնպահ է մնացել որեւէ կրակ վարելուց, սակայն այդ թիրախավորումից հետո իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում խոցել ադրբեջանական ռազմական թիրախները:

Դա էապես փոխելու է իրավիճակը եւ փաստացի ստեղծելու է Ռուսաստանի ռազմական միջամտության իրավական հիմք եւ հրամայական: Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարեց, թե ռուս զինվորականներն ուսումնասիրում են Հայաստանին հարվածելու տեղեկությունը:

Զուգահեռ, Լավրովը ռուսաստանյան ալիքներին հարցազրույցում հայտարարեց, թե Թուրքիային երբեք չեն որակել որպես ռազմավարական դաշնակից, այլ գործընկեր, որը տեղ-տեղ նաեւ ռազմավարական է: Լավրովը միեւնույն ժամանակ փորձեց ռեվերանս անել Ադրբեջանին, խոսելով այսպես կոչված լավրովյան պլանի մասին, որը ենթադրում է տարածքների վերադարձ խաղաղության դիմաց: Լավրովը խոսեց նաեւ հրադադարի պահպանման համար ռուս զինվորական դիտորդների մեխանիզմի մասին:

Հայաստանի վարչապետը ավելի ուշ ուղերձով դիմեց ժողովրդին, որում հիշեցրեց, որ Հայաստանը մերժել է տարածք խաղաղության դիմաց բանաձեւը եւ ազդարարեց, որ Հայաստանը կանգնելու է մինչեւ վերջ: Ծավալվող քաղաքական գործընթացի ֆոնին վարչապետի ուղերձի քաղաքական նպատակն անշուշտ մի կողմից բանակի քաղաքական թիկունքը չթուլացնելու, մյուս կողմից բանակի ռազմական սխրանքը քաղաքական դաշտում կապիտալիզացնելու քայլն էր:

Միաժամանակ, հիշեցնելով 1938-ի մյունխենյան համաձայնագիրը եւ Չեխոսլովակիայի օրինակը, վարչապետ Փաշինյանը ակնարկեց արեւմտյան աշխարհին, որ Էրդողանին Կովկասով կշտացնելու քաղաքականությունը իրենց չի ազատելու նրա ախորժակից, բայց փոխարենը Հայաստանին տալիս է հետեւություն անելու առիթ:

Ավելի ուշ հնչեց ԱՄՆ պետքարտուղար Մայրք Պոմպեոյի հայտարարությունը, որտեղ նա առաջին անգամ խոսեց Ադրբեջանին Թուրքիայի ռազմական աջակցության մասին, կոչ անելով Անկարային չանել դա:

Քաղաքական լրահոսը եզրափակեց Կրեմլի հաղորդագրությունը, որ Էրդողանը զանգահարել է Պուտինին: Ինչ է փոխելու այդ զանգը: