Search
Close this search box.

Հայաստանի կոշտ զգուշացումն ու Շոյգուի ձայնը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախարար Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հետ: Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության, Շոյգուն կոչ է արել ամբողջությամբ կատարել Մոսկվայում ստանձնած պարտավորությունները:

«Եթե չեն լսում Լավրովին, ապա կլսեն Շոյգուին»: Այդ միտքը դաշտ նետվեց ռուսական պրոպագանդայի առաջամարտիկների միջոցով, երբ հրադադարի եռակողմ համաձայնությունը, որ կայացվել էր Լավրովի մասնակցությամբ, Ադրբեջանը խախտեց ընդամենը հինգ րոպե անց:

Արդեն մի քանի օր է Ադրբեջանը փաստորեն «չի լսում» Շոյգուին: Սակայն, խնդիրն այստեղ Շոյգուն չէ, այլ ՌԴ նախագահը, որովհետեւ հրադադարի նախաձեռնությունը եղել է նրա մակարդակով: Այսինքն, Բաքուն չի լսում Պուտինին: Պուտինը վրիպե՞ց՝ ստանձնելով հրադադարի համար պատասխանատվություն, որը սակայն արդեն մի քանի օր է չի իրականանում, թե՞ կան այլ հանգամանքներ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի տարածքում մարտական հերթապահություն իրականացնող տեխնիկա, ընդամենը ենթադրելով, թե այն կարող էր հարվածել Ադրբեջանի բնակավայրերին: Հայաստանի ՊՆ արձանագրելով, որ առ այսօր Հայաստանից չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ որեւէ կրակ, նշել է, որ այսուհետ իրեն իրավունք է վերապահում «նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ»:

Ի դեպ, այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Արցախի ՊԲ-ն հայտարարեց թշնամու Սու 25 մեկ օդանավ խոցելու մասին:

Հայաստանից հարվածը նշանակելու է պատերազմի ռազմա-քաղաքական նոր աստիճան եւ փուլ, որտեղ արդեն անմիջական ներգրավվածության հնարավորություն է ստանում նաեւ Հայաստանի հետ ռազմա-քաղաքական փոխօգնության պայմանագրով կապակցված Ռուսաստանի զինուժը: Արդյոք Հայաստանի ՊՆ կոշտ զգուշացումը տողատակում պարունակում է նաեւ Շոյգուի ձայնը, որ պետք է լսի Բաքուն:

Չհարգելով եռակողմ հրադադարի մասին պայմանավորվածությունը, Բաքուն ըստ ամենայնի փորձեց խաղալ կամ մանեւրել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով Պուտինի մակարդակով արվող նախաձեռնությունը, դրանից հետո արդեն Բաքվի ռազմական գործողությունները նշանակում են գործողություններ ՌԴ դեմ՝ քաղաքական իմաստով:

Բաքուն կասկածի տակ է դրել ոչ թե հրադադարը, այլ Կովկասում ՌԴ ռազմա-քաղաքական կշիռը: Իսկ դրան հետեւելու են միջազգային անվտանգության համակարգի բոլոր խաղացողները: Հետեւաբար, Ադրբեջանը պետք է շատ թանկ վճարի այդ հանգամանքը կասկածի տակ դնելու համար, այլապես թանկ է վճարելու Ռուսաստանը: