Search
Close this search box.

Մեր հայրենիքից որևէ տեղ գնալ չենք պատրաստվում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հավաստիացնում է ՝ Արցախի ժողովուրդն իր հայրենիքից որևէ տեղ գնալ չի պատրաստվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վահրամ Պողոսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:

«Արցախի ժողովուրդն այսօր շատ ամուր կանգնած է: Անվտանգությունից ելնելով, իհարկե, եղել են բազմաթիվ ընտանիքներ, որոնք տեղափոխվել են ավելի ապահով վայրեր, բայց, ընդհանուր առմամբ, Արցախի ժողովուրդը կանգնած է, հայ ժողովուրդը կանգնած է, և որևէ տեղ գնալ մեր հայրենիքից, չենք պատրաստվում»,- ասաց Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը հավելեց, որ չի կարծում, թե ժողովրդի շրջանում խուճապային տրամադրություններ կան: Նրա խոսքով` հասարակությունը բավական համախմբված է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 480 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։