Search
Close this search box.

Դիվանագիտական «ներխուժում». ինչ է սպասվում առաջիկա օրերին

Երեկ դիվանագիտական ակտիվության օր էր. Անկարա այցելեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով Թուրքիայի ղեկավարների հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում: Ըստ տեղեկատվության, նա Անկարայում քննարկել է խնդիրների լայն շրջանակ՝ Արեւելյան Միջերկրականից մինչեւ Ղարաբաղ, որոնցում ըստ էության ներգրավված է Թուրքիան:

Երեկ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները հեռախոսազրույցներ են ունեցել Հայաստանի ու Բաքվի արտգործնախարարների հետ, որից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները կրկին կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադարի ռեժիմը: Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ։ Այդ մանդատի համաձայն՝ նրանք կշարունակեն հետևողականորեն մեծացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց առանց հապաղելու ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորությունները ՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին», ասված է ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների հայտարարության մեջ:

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ, որում ընդգծվել է կրակն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը: Երեկ հանրության ուշադրությունը գրավեց նաեւ ՌԴ-ից կառավարական հատուկ չվերթը Հայաստան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների՝ հակամարտության կողմերին ուղղված մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատելու մասին հայտարարությունից հետո ճակատային գծում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, ասվում է Արցախի ՊԲ հայտարարության մեջ:

Արդյոք դիվանագիտական այս աշխուժությունը կհանգեցնի ռազմական գործողությունների դադարեցմանը եւ վերադարձը բանակցային «ելման դիրքին», որի մասին խոսում են համանախագահները: Ինչ պայմաններով են կողմերը ներգրավվելու դրան, ռազմական գործողությունները ճշգրտումներ մտցրե՞լ են արդյոք բանակցային տրամաբանության մեջ: Հարցերը շատ են, եւ հետագա զարգացումներն ու հայտարարությունները պարզություն կմտցնեն իրավիճակի մեջ:

lragir.am