Search
Close this search box.

Անգելա Մերկելի կոչը. Սա միայն Հայաստանի և հայության խնդիրը չէ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել կրակը եւ վերադառնալ բանակցության սեղան: Եվրամիության առաջատարի կոչը անկասկած կարեւոր քաղաքական իրողություն է, սակայն մեծ հարց ու կասկած է դրա արդյունավետությունը, առաջին հերթին այն իմաստով, որ կարող է ունենալ հասցեի սխալ ընտրություն:

Բանն այն չէ, որ բացարձակ անտեղի է կոչը Հայաստանի ուղղությամբ, որովհետեւ Հայաստանը չէ, որ անցել է պատերազմի: Հայաստանն անցել է պարտադրված պատերազմից համազգային պաշտպանության: Բայց, անգամ Ադրբեջանի դեպքում Անգելա Մերկելի կոչի հասցեն ընտրված է սխալ:

Բանն այն է, որ պատերազմի դադարեցման կոչի իրական հասցեատերը կարող է լինել Անկարան: Ըստ այդմ, Գերմանիայի կանցլերը պետք է Թուրքիայի նախագահ Էդողանին ուղղի Ադրբեջանի միջոցով սկսած պատերազմը անհապաղ դադարեցնելու կոչը: Դա կլինի ճիշտ հասցեն:

Ընդ որում, գործնականում այդ մասին է եղել նախօրեին Հայաստանի վարչապետի եւ Անգելա Մերկելի հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանի հորդորը՝ անել հնարավորը ռեգիոնում ապակայունացման թուրքական քաղաքականությունը զսպելու համար:

Անգելա Մերկելը սեպտեմբերի 29-ին էլ խոսել է Ալիեւի հետ:

Մի քանի օր առաջ, ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի մեկնարկի առիթով իր ելույթում Անգելա Մերկելը խոսել էր ՄԱԿ անվտանգության խորհրդի ռեֆորմացիայի անհրաժեշտության մասին, քանի որ աշխարհն այլեւս ունի ուժային այլ հարաբերակցություն, քան այդ խորհրդի ձեւավորման մեկնակետին: Այսպես ասած չկա «յալթայան աշխարհը»: Խոշոր հաշվով, այստեղ է իհարկե միջազգային անվտանգության համակարգի գլխավոր խնդիրներից մեկը, որի մետաստազն էլ թուրքական ապակայունացնող քաղաքականությունն է մի շարք ուղղություններով, այժմ արդեն նաեւ Կովկասի:

Ի վիճակի՞ է Գերմանիան գործուն քայլեր ձեռնարկել թուրքական զսպման ուղղությամբ: Թերեւս այո, թեեւ տարբեր այլ թեժ հարցերով Թուրքիայի հետ հարաբերությունը Բեռլինը կառուցել է փոխզիջումային պայմանավորվածությունների վրա: Ամբողջ հարցն այն է սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, որ դրանից շահել է Անկարան, ոչ թե Բեռլինը: Անգամ չի եղել «ոչ ոքի»:

Անկարան Կովկասում ուզում է շահել հերթական պարտիան, որը նրա հաշվարկով լայն առավելության է բերելու ոչ միայն Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ, այլ նաեւ հենց Եվրամիության, ու բնականաբար դրա առաջատար Գերմանիայի նկատմամբ: Ավելի ու ավելի է բարդանալու Թուրքիայի հետ անգամ առերեւույթ փոխզիջման գնալը, եւ Անկարան թելադրելու է պայմաններ, եթե չստանա վճռորոշ հակազդեցություն Կովկասում:

Ըստ այդմ, այդ խնդիրը չի կարող լինել միայն Հայաստանի խնդիրը, այդ հակազդեցության հարցը չի կարող լինել լոկ հայկական բանակի եւ համայն հայության հարցը, որն անկախ ամեն ինչից լուծում է իր պետականության անվտանգության ու հարատեւության խնդիրը: Այդուհանդերձ, այդ գործում հայկական պետականությանը գործուն աջակցության բացակայությունը ճակատագրական է լինելու մի շարք մայրաքաղաքների համար, որոնք մինչ այժմ էլ ունեին թուրքական գլխացավանքը, այդ թվում առաջիններից մեկն անշուշտ Գերմանիան:

lragir.am