Search
Close this search box.

Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա

Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ, Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը:

Նախարարությունից հիշեցրել են, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ: Արցախի Հանրապետության զինված ուժերի մարտակարգերին, մշտական տեղակայման վայրերին ու խաղաղ բնակավայրերին հասցվել են հարվածներ հրետանային համակարգերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ: Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: «Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են»,-հայտնում են նախարարությունից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։