Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «700 ոստիկանով եկել էին»․ ծովագյուղցիները պատմում են նախօրեի միջադեպի մասին

Ծովագյուղցիները, որոնց մասնակցությամբ նախօրեին աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել գյուղում, պնդում են, որ ոչ թե իրենք են կռիվ հրարհրել, այլ ոստիկանները։

«700 ոստիկանով եկել էին։ Ամբողջ Գեղարքունիքում ինչքան ոստիկան կար, լցվել էր Ծովագյուղ։ Ինչի՞ համար։ Ի՞նչ հանցագործություն էին արել, սպանությո՞ն էր եղել։ Ի՞նչ էին ուզում, մեր ցանած արտերը փորում էին։ Որ չեն թողել փորեն դրա համար սարքել են վեճ։ Հրմշտել են մեր 10 գյուղացիքին, արտի տերերը, որ գնացել են՝ չթողնեն՝ իրենց արտը քանդեն, եթե քանդեն մենք չենք կարա անասուն պահենք։ Ոստիկաններն են հրմշտել մեր ժողովրդին։ Ոստիկանական պատը կազմել են, բրթբրթել են։ Մեր գյուղում հանցագործ չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ծովագյուղցի Պայքար Բադալյանը։

Ծովագյուղցի Պողոս Մինասյանն էլ արտում աշխատելիս է եղել, երբ նկատել է, որ ոստիկաններ են ժամանել արտ։

«Մի դաշտից վերջացրի, իջա մյուսը, վարում էի, ոստիկանները եկան, լցվեցին։ Երբ որ վար ես անում, ճայերը գալիս են քո արած ակոսի վրա կեր են ման գալիս, այդ ճայերից շատ էին։ Ծրագրով եկել էին, սարքեցին»,- NEWS.am-ին պատմեց նա։

Գյուղացիները պատմում են, որ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներն առանց իրենց իմացության ցանկացել են քանդման աշխատանքներ իրականացնել արտերում, որոնք իրենք մշակում են, իրենք էլ, իմանալով այդ մասին, գյուղապետի հետ գնացել են, որ թույլ չտան։

«Մենք խաբար արեցինք գյուղապետին, ասեցինք՝ դաշտը քանդում են, մեր դաշտն է, մենք քեզ հարկ ենք տալիս դրա համար, ո՞նց անենք, էս դաշտը քանդում են, վարի է գնում։ Առվույտ ենք ցանել, որ տանենք մեր անասուններին։ Էդ մարդն էկել է, հարցրել՝ ինչի՞ համար եք քանդում, թուղթ ունե՞ք։ Գյուղապետի հարցին մարդը պատասխանեց՝ ես որտեղ ուզեմ, էնտեղ կքանդեմ։ Տենց բան ո՞վ է տեսել»,- պատմեցին գյուղացիները՝ միեւնույն ժամանակ չմանրամասնելով, թե ինչպես է հրմշտոցը սկսվել։ Իրենց շրջանում, թերեւս, տուժողներ չկան։

Ըստ քննչական կոմիտեի՝ գյուղացիները եւ համայնքի ղեկավարը, խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը խախտելով խոչընդոտել են աշխատանքներին, սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին, հայհոյել ու քաշքշել են ոստիկանության աշխատակիցներին։

Ծովագյուղցիները հերքում են, թե քաշքշել են ոստիկաններին կամ հայհոյել։ Հերքում են նաեւ քննչական կոմիտեի տարածած այն տեղեկատվությունը, որ, հնարավոր է՝ իրենցից մեկն է վնասել Գավառի ոստիկանապետի աչքը, որն, ի դեպ, վիրահատության է ենթարկվել, 10-ից ավելի կար է դրվել աչքին։

«Մենք չենք ճանաչել ոչ Գավառի, ոչ Սեւանի ոստիկանապետին։ Եղել են գրաժդանսկի շորերով։ Չենք խփել իրան, ո՞նց է վնասվել աչքը։ Ոստիկանական պատը մինչեւ դաշտի վերջը եղել է, էդ ո՞վ անցավ էդ ոստիկանական պատը, գնաց, հարվածեց ոստիկանապետին»,- պատմեց Պայքար Բադալյանը։

Բացառում են նաեւ, թե գյուղացիները գազագողություն են արել։ Միջադեպի վերաբերյալ Ծովագյուղի համայնքապետի հետ կապվել մեզ չհաջողվեց։

Ծովագյուղցիները դեմ չեն լինի, եթե ըստ կարգի, իրենց իմացությամբ եւ թույլտվությամբ, իրենց վնասված բերքի համար փոխհատուցում տալով քանդման աշխատանքեր իրականացվեն։

Նշենք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Գործը տեղափոխվել է Հատուկ կարևորության գործերով վարչություն։ Կա մեկ ձերբակալված։

Ոչ պաշտոնական տվյալով միջադեպի հետեւանքով 10 ոստիկան է տուժել։