Search
Close this search box.

Կոմիտաս պապիկը մեզ սկուտեղի վրա հրամցրել է հայկական երգ ու երաժշտություն, իսկ մենք մուղամով ոտնակոխ ենք անում. Արեգ ԳՐԻԳ

Կոմիտասը մթնոլորտ է, որ գիտակցություն է խնդրում ամեն հայից: Իսկ մենք ի՞նչ են անում՝ բացի հայկականը ոտքի կոխան դարձնելուց: Ամենուր մշակութային սպանդ է, ամենուր հայկականը ստորադասելու մարմաջ:

Ամփոփ ասած՝ մեր Կոմիտաս պապիկից շատ ենք հեռացել: Հայ երաժշտության քարոզիչը, եթե ողջ լիներ ու տեսներ՝ այսօր ինչ է հնչում, գուցեև, լռեր ու մեկուսանար: Բայց սիրտը կպայթեր ու կհարցներ. Կռո’ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս: Չնայած դրա պատասխանը լավ գիտեր: Բացի այդ էլ՝ աշնանը ու՞ր է կռունկ:

Եթե հանդիպեի Կոմիտասին, ավա՜ղ, ես էլ կլռեի: Ցավը խորանարդել չեմ ուզում: Այն, ինչ լսում ենք այսօր փողոցում, երթուղայինում եվ խնջույքում հեշտորեն տեղավորվում է գավառամտության բարքերի մեջ: Սոսկալին այն է, որ չենք գիտակցում ու օր օրի գլորվում ենք կաղկանձող երգերի անդունդը: Կամ էլ, մորթվածի երաժշտությունը դրոշակ դարձրած, օտարին ներկայացնում հայկականը: Դա էլ մեկ ուրիշ անպատվաբեր սիմֆոնիայից է:

Սթափվել է պետք. մենք ենք պատասխան տվողը մեր սերունդներին, պետք չէ ժամանակի ժապավենով փակել աչքերը ու գոյատևումը դարձնել միակ առաքելությունը կյանքի ու խոսել վերին արժեքներից: Կոմիտաս պապիկը մեզ սկուտեղի վրա հրամցրել է հայկական երգ ու երաժշտություն, իսկ մենք ոտնակոխ ենք անում ու ջանասիրաբար լսում՝ քոչվոր գառնարածների և մեզ ցեղասպանածի մուղամային գոհարները: Եկեք չմոռանանք, որ Կոմիտասի կյանքի նպատակներից էր համոզել աշխարհին, որ հայն ունի իր ինքնուրույն երաժշտությունը:

Եվ վերջում կուզենայի ծանոթացնել, թե ինչ է գրել ժամանակին ֆրանսիական «Le Monde» ամսագիրը.
«Ահա մի նորություն, մի հայտնություն, որ մեզ տանում է հեռու և ապրել տալիս մի մոռացված ժողովրդի կյանքով: Եվ մի՞թե դեռ չի տեսնում մարդ այն երկար, սև ուրվականի կիսադեմքը, որի բարձր վեղարը ավելի երկարացնում էր նորա ստվերը, դեռ չե՞ն զգում այն երգերի խորհրդավորութունը, այն քաղցր մելամաղձոտությունը, այն հնչուն ճոխությունը, որ մաղթում են Ամենակարողին կամ գովում բնության գեղեցկությունը, սիրելի «հովը», «խնկի ծառը», «բարերար անձրևը», «սիրելի եզը», «իմ եղբայրը» կամ այն պարերի անդիմադրելի ուժը…»