Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյան-Ալիեւ «ղարաբաղյան մեղրամիսն» ավարտվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որի ընթացքում կոնֆիդենցիալ տեղեկություններ է հրապարակել: Երեկ Արցախի ԱԺ պատվիրակության հետ հանդիպմանը նա հայտարարել էր. «Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Նիկոլ Փաշինյանն այսպես էր արձագանքել Բաքվի ԶԼՄ-ների հրապարակումներին ու պաշտոնյաների հայտարարություններին, որոնք վերաբերում են իր եւ Ալիեւի այսպես ասած սեպարատ պայմանավորվածություններին, կամ խորհրդականների միջեւ ոչ հրապարակային շփումներին:

Բաքուն տեղեկատվական պատերազմի նոր փուլ է սկսել Հայաստանի դեմ, այն բանից հետո, երբ Անկարայում Թուրքիայի հետ համաձայնություն է ձեռք բերվել մեկտեղել ջանքերը հայկական գործոնի դեմ պայքարելու հարցում: Փաշինյանի հետ սեպարատ պայմանավորվածությունների վերաբերյալ «արտահոսքերը» դրա բաղկացուցիչն են: Ալիեւը փաստորեն հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը «գցել» է իրեն, եւ հույս է հայտնել, որ Հայաստանում նրա իշխանությունը կտապալվի: Այսինքն, նպատակներից մեկն էլ Հայաստանում ներքաղաքական գործընթացների վրա ազդելն էր:

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կոնֆիդենցիալ տեղեկություններ է հրապարակելու իր հարցազրույցում, որոնցից «վախենամ՝ Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Փաշինյան-Ալիեւ «սեպարատ բանակցությունները» որոշակի արդյունք արձանագրեցին սահմանին հարաբերական կայունության առումով: Մնացյալ հարցերում հստակություն չկար մի շարք առումներով: Նիկոլ Փաշինյանը թե բաց տեքստով, թե ակնարկներով հաճախակի էր առաջ մղում այն թեզը, թե մինչ այժմ եղած բանակցային գործընթացը ձեռնտու չէր Հայաստանին, եւ ինքը փորձում է փոխել այդ անբարենպաստ ընթացքը: Այդ նպատակով են առաջ քաշվել թեզեր, որոնք առաջացնում էին Բաքվի վարչակազմի եւ հայկական ընդդիմախոս շրջանակների քննադատությունը, օրինակ՝ լուծումը երեք ժողովուրդներին ձեռնտու լինելու առումով:

Մյուս կողմից, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ալիեւը ուզում է ամբողջը եւ դեմ է որեւէ փոխզիջման: Իր հերթին, բանակցային սեղանին դրված առաջարկներն ըստ էության չեն արտահայտում հայկական իրավունքներն ու շահերը, եւ փոխզիջում եզրն այս դեպքում դիվանագիտական գեղեցիկ արտահայտություն է՝ գործընթացին քիչ թե շատ լրջություն հաղորդելու համար:

Հայկական կողմը, ընդունելով այդ առաջարկները որպես բանակցային հիմք, առաջնորդվել է այն սկզբունքով, որ միեւնույն է՝ Բաքուն չի համաձայնվելու, եւ դրանք իրականություն չի դառնա: Դա ըստ էության աշխատել է, թեեւ դրանից սահմանին միջադեպերի քանակը չի նվազել: Ըստ էության, այսպես կոչված բանակցային գործընթացը հայկական կողմի համար եղել է «գցոցիի» տրամաբանության մեջ, որն իհարկե քաղաքական մոտեցում չէ եւ չէր կարող հանգեցնել որեւէ լուրջ արդյունքի:

Բանակցային գործընթացն ինչ որ առումով իմիտացիոն գործընթաց էր, որի ընթացքում դրանում ներգրավված կողմերը լուծում են իրենց որոշակի խնդիրները: Բաքվի վարչակարգն այս տարիների ընթացքում փորձում է ինչ որ կերպ լուծել այսպես կոչված ադրբեջանցիների ինքնության հարցը հայերի հանդեպ վայրենի թշնամանքի ու պատմական անհեթեթությունների վրա: Հայերը զբաղված են Արցախյան հաղթանակը մսխելու գործով, որը ժամանակ առ ժամանակ կանգնեցնում է հայկական բանակը: Ապշել կարելի է, թե ինչպես երեք տասնամյակ հայերը զբաղված են հաղթանակը փուլային, թե փաթեթային ձեւով հանձնելու «դիսկուրսով»:

Մինսկի խումբը ստատուս քվոն պահելու խումբ է, եւ սա միակ ձեւաչափն է, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գտնվում են հավասար համագործակցության ռեժիմում, թեեւ «սեւ գործը» դրված է Ռուսաստանի վրա, որը երբեմն գնում է սեպարատ քայլերի: Համանախագահները պարբերաբար հիշեցնում են կարգավորման երեք սկզբունքներն ու ստատուս-քվոն պահպանելու անթույլատրելիությունը, միեւնույն ժամանակ նշելով, որ Ղարաբաղի խնդիրը աշխարհքաղաքական բարդ թնջուկ է:

Այս պայմաններում հարց է առաջանում, թե արդյոք Փաշինյանն ու Ալիեւն իսկապես հույս ունեին սեպարատ համաձայնության հասնել Արցախի հարցում: Դա զարմանալի կլիներ, վկայելով այն մասին, որ նրանք չունեն խնդրի էության ընկալում: Մյուս կողմից, հնարավո՞ր է այդ սեպարատիզմը տեղի էր ունենում համանախագահներից մեկի բարձր հովանու ներքո, առավել լայն խնդիրների համատեքստում:

Տավուշի մարտերից հետո Բաքուն հայտնվեց բարդ վիճակում, որի մասին բազմիցս է խոսվել: Դրա արտահայտությունն է ներկայիս քարոզչական պատերազմն արդեն բաց հաղթաթղթերով, եւ փոխադարձաբար կոնֆիդենցիալ տեղեկությունների հրապարակումը արձանագրում են ղարաբաղյան գործընթացի հերթական՝ սեպարատ բանակցությունների փուլի ավարտը:

Հայաստանը, ներքին խնդիրներով հանդերձ, միասնական է Ղարաբաղի խնդրում, եւ դրանում որեւէ մեկը ներսում ու դրսում չպետք է կասկած ունենա: Դա է առաջիկա հաղթանակների երաշխիքը, երբ հայկական բանակը դեռ պետք է վերաձեւի Մեծ Մերձավոր Արեւելքի սահմանները: