Search
Close this search box.

Ինչու է Սամվել Ալեքսանյանը դատի տվել Երևանի քաղաքապետարանին

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Ալեքսանյանը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած թիվ 2898-Ա որոշումը։

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։

Ըստ կայացված որոշման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Երևանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմից իրականացվել են ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ:

Սամվել Ալեքսանյանը հրավիրվել է լսումների Երևանի քաղաքապետարան հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Նրա լիազորված անձ Հրանտ Մարգարյանը հայտնել է, որ խնդրո առարկա շենք-շինությունները կառուցվել են դեռևս 2005 թվականին և իրենք դիմելու են Երևանի քաղաքապետարանին դրանք օրինականացնելու խնդրանքով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.08.2020 թվականի հ.18-06/1007 գրության համաձայն, Ալեքսանյանի կողմից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ Երևան քաղաքի Շրջանային փողոցի հ․102/4 հասցեի հետնամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար որևէ դիմում չի ներկայացվել և չի քննարկվել։

Որոշվել է Ալեքսանյանին գրավոր առաջարկել՝ սեփական նախաձեռնությամբ, ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու և դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն Ալեքսանյանի կողմից ինքնակամ շինությունները քանդելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:

Արդյունքում քաղաքապետը որոշել է.

Չօրինականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ինքնակամ կառուցված շենք-շինությունները։

2.Հանձնարարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հարևանությամբ կառուցված ինքնակամ շենք-շինություններն ու ապօրինի տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը: