Search
Close this search box.

Վարչապետի փոխարեն զեկուցվեց Տարոնին

Վերջին խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բազմաբնակարանային շենքերի կառավարման ոլորտի խնդիրներին, որոնք տարիներ շարունակ գտնվում են պորտաբույծ մի կառույցի` համատիրություն կոչվածի ձեռքին: Վարչապետն այդ ժամանակ, որ տարված էր նախընտրական թոհուբոհով, մեծ ու փոքր խոստումներով ` ասաց. «Մենք կայացած համատիրություններ չունենք: Մենք պետությունով այս հանձնարարականի հիման վրա լայնամասշտաբ ծրագիր ենք անելու համայնքներում, որ մի անգամ բոլոր շենքերի խնդիրները լուծենք »: Երկու ամիս ժամանակ տվեց որպեսզի ծրագիր մշակվի և ներկայացվի տեղեկատվություն համատիրությունների, բազմաբնակարան շենքերի, նկուղների, տանիքների, աստիճանավանդակների մուտքերի և այլնի մասին: Այդ հանձնարարականից անցել է հինգ ամիս: Այս ընթացքում ջրերը շարունակում են հոսել բազմաբնակարան շենքերի նկուղներ, տարածքներում առնետների ու աղբի ներկայությունն օրեցօր ավելի է ամրապնդվում, և փաստացի ոչինչ չի փոխվում, կամ փոխվում է այնքանով, որ նկուղներում հոսող ջրերից բազմաբնակարան շենքերի հիմքերն էլ ավելի են խարխլվում և վարչապետին զեկուցելու փոխարեն քաղաքապետին է զեկուցվում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Իսկ դեռ որքան կշարունակվեն և երբ կամ ընդհանրապես Երևանի բազմաբնակարան շերքերին բախտ կվիճակվի արժանանալ պատշաճ կառավարման, այդ մասին ոչ մի խոսք: Մինչդեռ Տարոն Մարգարյանը տարբեր երկրների իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ պարզ, մարդկային հարցման մեխանիզմով անգամ կարող է հասկանալ, թե տարբեր քաղաքներում ինչպես է լինում, որ առանց համատիրություն կոչվածի` շենքերն ավելի մաքուր են ու բարվոք: Տարոն Մարգարյանն այդ առիթն ուներ նախօրեին Մարսելի քաղաքապետի հետ հանդիպմանը` քննարկելու ու պարզելու, թե որտեղ է գաղտնիքը, որ Մարսելի հայազգի քաղաքապետը շատ ավելի փոքր աշխատավայրում է վարում իր աշխատանքները, քան Տարոն Մարգարյանի նստավայրն է, բայց Երևանում ամեն օր շենքերի հիմքերն էլ ավելի են թուլանում, իսկ Մարսելում, ամենահին շենքերին ամեն օր նոր շունչ է հաղորդվում: Ավելին` Փարիզի կենտրոնում Նապոլեոնյան ժամանակների բնակելի շենքերը ոչ միայն խնամված ու ամրացված են, այլ նաև զբոսաշրջիկների համար հետաքրքիր ` իրենց պատմությամբ: Տարոն Մարգարյանը հնարավորությունը բաց է թողնում , քանի որ համատիրությունների գոյությունը ձեռնտու է մի քանի առումներով`ընտրություններին` ձայներ են բերում, ընտրություններից հետո շարունակում մնալ անվերահսկելի ֆինանսների տիրապետող մի օղակ:

Armlife.am