Search
Close this search box.

Աստված հոգիդ լուսավորի, լույս աղջիկ, թող պատժվեն մեղավորները. այսօր կհուղարկավորեն 30-ամյա ծննդկանին

Այսօր հողին կհանձնեն 2020թ. սեպտեմբերի 18-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկան 30-ամյա Սեդային: Հարազատներն ու ընկերները չեն հավատում կատարվածին:

Հարազատները պատմում էին, որ Սեդայի հղիությունն անցել է առանց որեւէ խնդրի, նախօրեին առավոտյան հիվանդանոց է գնացել իր ոտքով, իսկ ժամեր անց արդեն հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ Մինչեւ այս պահը ծննդկանի ընտանիքը չգիտի՝ ինչից է մահացել նա։

«Բժիշկ Սիրունյանն է այդ ընթացքում զանգել Սեդայի ամուսնուն, հարցրել այսինչ հակաբիոտիկից կարող է խնդիր ունենալ, մինչդեռ այդ դեղը թերթիկում նշված է, որ հակացուցված է Սեդային, ալերգիա ունի դրանից։ Մեզ ինֆորմացիա տալու փոխարեն թիկնապահներով են լցրել հիվանդանոցը։ Հարազատները փորձել են վերեւ բարձրանալ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, դրանից հետո միայն Սիրունյանը կանչել է վերեւ ու ցույց տվել, որ Սեդան մահացել է»,– պատմեցին հարազատները։

Ընտանիքի անդամները տարակուսած են, թե ինչու են հիվանդանոցում նման դեղամիջոց ներարկել։

Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հղիության 41-րդ շաբաթում բարդացած գինեկոլոգիական անամնեզ, բարդացած սոմատիկ անամնեզ, բարդացած մանկաբարձական անամնեզ և ծննդաբերության լատենտ փուլ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 30-ամյա կինը մահացել է:

Նույն օրը՝ ժամը 10:30-ին, 30-ամյա կնոջ մահվան վերաբերյալ հաղորդում է ստացվել նաև վերջինիս բարեկամից:

Armlife.am