Search
Close this search box.

Կապանը մնացել է առանց ոստիկանի

«ՀՐԱՊԱՐԱԿ». Մեկ ամիս շարունակ՝ ողջ հուլիսին, Կապանի ոստիկանությունում խռովահույզ վիճակ էր տիրում։ Իրավիճակը հանդարտվել է պետի եւ պետի օպերգծով տեղակալ Դավիթ Սուրենյանի պաշտոնանկությամբ։ Բանն այն է, որ հուլիսի 16-ին ոստիկանապետ Վահե Ղազարյանը Կապանի բաժնի պետ է նշանակել իր մտերիմին՝ երեւանցի Սենիկ Երանոսյանին, ով մինչ այդ էլ եղել է Սյունիքի պետը։ Կապանի պետ նշանակվելուն պես բաժնում մղձավանջ է սկսվել։

Ոստիկանների կարծիքով՝ «եկվորը» չի տիրապետել ոչ միայն Կապանի առանձնահատկություններին, այլեւ իր ոլորտին։ Շուտով լուրջ մշտական հակասություններ ու լարվածություն է առաջացել ոլորտից հասկացող տեղակալի ու նրա վերադասի միջեւ։ Միջանձնային լարվածությունը կաթվածահար է արել աշխատանքը, այնպես, որ ոստիկանապետը ստիպված է եղել ազատել աշխատանքից եւ ազատել է ոչ միայն իր նշանակած պետին, այլ նաեւ տեղակալին՝ Դավիթ Սուրենյանին։

Դրան հաջորդել են բաժնի ավելի քան տասը օպերների դիմումները․ նրանք հեռացել են ի աջակցություն Սուրենյանի՝ պահանջելով հետ բերել նրան։ Մեր աղբյուրի խոսքով, հիմա քաղաքում, ըստ էության, ոստիկանություն չկա՝ օպերատիվ գործողություններ չեն իրականացվում, քանի որ օպերլիազորներ չկան։

Ոստիկանության լրատվության բաժնից մեզ տրամադրեցին միայն հետեւյալը, որ ներքին անվտանգության վարչության իրականացրած ծառայողական քննության արդյունքում թե՛ պետը, թե՛ տեղակալն ազատվել են աշխատանքից՝ «ծառայողական պարտականություները ոչ պատշաճ կատարելու համար», թափուր պաշտոններն արդեն համալրվել են։ Սակայն օպերների մասով մեզ տեղեկություններ չհայտնեցին։