Search
Close this search box.

Խոշոր ու ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 5 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի ահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Երասխավան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Shamhsyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է: Իսկ մինչ այդ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, բախումից հետո BMW-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված հատվածում ձմերուկ վաճառողին, որը տեղում մահացել է:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 5 վիրավորի, այնուհետև տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ա. Ավետյանի որոշմամբ Արարատի քննչական բաժնում՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, վրաերթի ենթարկված տղամարդու դին փրկարարներն ու քաղաքացիները հայտնաբերել են վրաերթի վայրից մոտ 35 մետր հեռավորության վրա: Իսկ հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացածի կինն է, ով նույնպես վրաերթի է ենթարկվել: