Search
Close this search box.

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան արձագանքել է 27-ամյա իրանցի ըմբիշի մահապատժին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (Ըմբշամարտի միավորված աշխարհ, UWW) արձագանքել է 27-ամյա իրանցի ըմբիշ, Իրանի բազմակի չեմպիոն Նավիդ Աֆկարիի մահապատժին։

«Մեզ հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան Իրանում տեղի է ունեցել իրանցի ըմբիշ Նավիդ Աֆկարիի մահապատիժը։ Շատ ցավալի է, որ ամբողջ աշխարհի մարզիկների կոչերը, Ըմբշամարտի միավորված աշխարհի, Իրանի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի, Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Իրանի Ազգային օլիմպիական կոմիտեի ոչ հրապարակային ջանքերը նպատակին չհասան։

Նորություններն ահավոր են։ Ցավակցում ենք եւ մտքերով Աֆկարիի ընտանիքի եւ ընկերների հետ ենք»,- նշվում է UWW-ի պաշտոնական հաղորդագրությունում։

Աֆկարին մեղավոր էր ճանաչվել Իրանի ռեժիմի հակառակորդների խումբ կազմակերպելու, անվտանգության աշխատակցի սպանության, Իրանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցերի մասնակցելու համար։

Աֆկարիին մահապատժի չենթարկելու կոչեր էին արել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խառը մենամարտերի UFC-ի նախագահ Դանա Ուայթը, Amnesty International կազմակերպությունը։