Search
Close this search box.

Սերգեյ Բագրատյանը կտրվել է այդ թեստից

Այսօր մամուլը գրել է, որ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն առաջարկելով Ընտրական օրենսգիրքը լրացնել հոդվածով, ըստ որի պատգամավորի թեկնածուն պետք է նախապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայոց լեզու առարկայից թեսթ հանձնի, և միայն դրական պատասխանի դեպքում իրավունք ունենա գրանցվել և մասնակցել ընտրություններին:

Մամուլը ենթադրում է, որ Բագրատյանի այս առաջարկը կարող է ուղղված լինել իր նախկին կուսակիցների դեմ, և սրանով նա փորձում է ակնարկել, որ եթե նման թեստ հանձնելը օրենսդրորեն ամրագրվի՝ ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ հնարավորություն չեն ունենա պատգամավորի թեկնածու գրանցվել և ընտրվել պատգամավոր:

Գուցե խորհրդարանի որոշ պատգամավորներ կարող է լիարժեք չտիրապետեն Հայոց լեզվի քերականության բոլոր նրբություններին, բայց դա այնքան էլ մեծ ողբերգություն չէ, և դա ամենևին պատճառ չի կարող լինել, որ մարդ պատգամավոր չընտրվի: Եթե Ընտրական օրենսգրքում փոփոխության կարիք կա, և պատգամավորները մինչև ընտրություններ պետք է թեսթ հանձնեն, ապա միայն բարոյականության թեսթ:

Օրինակ, եթե նման թեսթ հանձնելու պարտադրանք լիներ, ապա Բագրատյանը հաստատ չէր լինի խորհրդարանում, այլ, բոլորովին այլ հաստատությունում: Սերգեյ Բագրատյանը 2007թ. ԲՀԿ անդամ է, և ոչ շարքային, նա շուրջ 13 տարի եղել է ԲՀԿ Վայոց ձոերի մարզային կառույցի համակարգողը, 13 տարի շարունակ օգտվել ԲՀԿ-ի և անձամբ Գագիկ Ծառուկյանի բարեհաճությունից, ԲՀԿ քվոտայով դարձել է Վայոց ձորի մարզպետ, ԲՀԿ համապետական ցուցակով պատգամավոր՝ ոչ ռեյինգային ընտրակարգով, քանի որ ընտրողները անձամբ նրան պատգամավոր դառնալու համար բավարար ձայն չեն տվել:

Մի խոսքով, եթե անգամ Բագրատյանը Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի կամ մյուս նշանավոր լեզվաբանների ու բանասերների մակարդակի տիրապետեր Հայոց լեզվին, ապա միևնույն է առանց Գագիկ Ծառուկյանի աջակցության չէր կարող պատգամավորի կարգավիճակով խորհրդարան մուտք գործել:

Բայց ինչպես ասում են՝ կյանքը ինքնին քննություն և թեսթ է, և կարելի է չկասկածել, որ Սերգեյ Բագրատյանը հերթական իր նախաձեռնությամբ ապացուցեց, որ ինքը կտրվել է այդ թեսթից, որի ամենավառ ապացույցը կլինի այն, որ նա այլևս չի լինի խորհրդարանում, կամ եթե նույնիսկ հայտնվի էլ, ապա սովորական այցելուի, որը գնացել է որևէ պատգամավորի մոտ, իր անձնական խնդիրները ներկայացնելու համար: