Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սպանություն Արտաշատում․ 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է․ նրա հայրն էլ, իմանալով այդ մասին, լինգով կոտրել է սպանողի հոր մեքենան

Այսօր, սեպտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքի հարվածից ստացած վնասվածքով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արտաշատ քաղաքի բնակիչ 39-ամյա Արմեն Գասպարյանն է։

Մինչ ոստիկանները, իսկ այնուհետև՝ նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչները, մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, Արտաշատի քննչական բաժնի պետ Կարեն Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Մանասերյանի հետ ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները, ժամը 06։30-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում ձեռնարկելով ճիշտ և օպերատիվ գործողություններ, պարզում են՝ որտեղ է տեղի ունեցել դեպքը, և ով է Ա․ Գասպարյանին դանակահարել, ու թարմ հետքերով հայտնաբերում են կասկածյալին։ Նա Արտաշատ քաղաքի բնակիչ 36-ամյա Դավիթ Վարդանյանն է, ով բերման է ենթարկվում Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Արտաշատի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք՝ դանակը։ Իսկ Արտաշատ քաղաքի շուկայի տածաքում հայտնաբերվել է Opel Zafira մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան վնասվածքի հետքեր։
Այն պատկանում է սպանությունը կատարած Դ․ Վարդանյանի հորը, իսկ մեքենան լինգով վնասել է սպանվածի հայրը։