Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մամ, Առուշն ինձ ծեծել է». ինչ է պահանջում Գորիսի քաղաքապետի կողմից ծեծի ենթարկվածի մայրը

ArmLur.am-ը գրում է. Oգոստոսի 27-ին, Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գյուրջյանի մայրը՝ Կարինե Ղևոնդյանն արդարություն է պահանջում: Սակայն մինչ այս ինչից սկսվեց ամեն ինչ. վերոնշյալ օրը Գորիսի քաղաքպետ Առուշ Առուշանյանը երկու այլ անձանց հետ ծեծի էր ենթարկել Գորիսի քաղաքացի Արթուր Գյուրջյանին, որին տեղափոխել էին Երևան։ Դեպքից անմիջապես հետո Առուշ Առուշանյանը facebook սոցիալական ցանցով ուղիղ եթեր մտավ եւ հայտարարեց, որ սյունեցիները՝ մասնավորապես գորիսեցիները, լավատեղյակ են այս ամենին, թե ում կողմից է կազմակերպված, որ շրջանակներն են այս ամենն անում. երեք տարի է, հաճախ այդպիսի բանսարկություններ են լինում, դրանց չեմ պատասխանում, որովհետեւ այդ ամեն ինչին լուրջ չեմ նայում:

Ասել է, թե կատարվածի մեջ քաղաքապետը մեղադրեց նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Ի պատասխան քաղաքապետի մեղադրանքներին՝ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը գործի անցավ եւ անպատասխան չթողեց՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ասելով . « Ուզում եմ իրեն ասել նաև, որ հերիք է Սուրիկ Խաչատրյանի ստվերի հետ կռիվ տա, վերջապես հաղթահարի էդ վախն ու մինչև մեղավորներ կփնտրի, ավելի լավ է արժանապատիվ ապրի իր քաղաքում։ Գորիսը փոքր, բայց յուրահատուկ քաղաք է, չի կարելի անշնորքի պես ապրել, մարդկանց նեղացնել ու ասել Սուրիկ Խաչատրյանը կամ լրատվամիջոցներն են մեղավոր։ Համենայնդեպս, իմ ունեցած տեղեկություններով՝ մեղավորներին թող իր շրջանակում փնտրի»։

Ու մինչ կողմերը կռիվ էին անում, համացանցում հայտնվեց քաղաքապետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրությունը:

Ինչեւէ, գործը հասավ դիվան բաշուն․ Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի մասնակցությամբ միջադեպի առիթով դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ- ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3֊րդ և 6֊րդ կետերով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, եւ գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Արդյո՞ք իրավապահները կիրականացնեն օբյեկտիվ քննություն , թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն դատելով իրավիճակից, եթե իրավապահները մինչ այս Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ միջադեպերի մասով հարուցված քրեական գործերին օբյեկտիվ գնահատական տային, այսօր Գորիսի քաղաքապետը հերթական անգամ մարդ չէր ծեծի: Ինչեւէ, սպասենք քննության արդյունքներին:

Մանրամասները՝ տեսանյութում