Search
Close this search box.

Նոր որոշում՝ դասերի տևողության և գնահատման վերաբերյալ. Արայիկ Հարությունյանը նոր հրաման է ստորագրել

Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում. 12-րդ դասարանի առաջին կիսամյակում ուսումնասիրվող հանրակրթական պետական ծրագրի Ուսումնական պլանի նորմատիվային ծավալը սահմանվում է շաբաթական 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը:

Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ), բացառությամբ «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից երկրորդ կիսամյակում ուսումնասիրության համար ընտրված առարկաների:

12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձևավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) (1 ժամ) առարկայի և սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ապահովելով առնվազն 31 դասաժամ:

Նորմատիվային 34 դասաժամի և սովորողի ուսումնական պարտադիր բեռնվածության 31 դասաժամի տարբերությունից մնացած 3 դասաժամը տնօրինում է սովորողը:

12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին Հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը: Ուսումնական նյութի կրկնությունը ինքնուրույն աշխատանքի միջոցով կարող է իրականացվել հեռավար կրթության տեխնոլոգիաների կիրառմամբ։

«Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնասիրությունը (կրկնությունը) ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) պետական ավարտական քննությամբ:

12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից ընտրված ուսումնական առարկաների ցանկը Հաստատության սովորողները ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր հայտնում են Հաստատության տնօրենին: Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են նաև միասնական քննական առարկաները:

Եթե Հաստատության ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկա(ներ) դասարանի սովորողներից ոչ մեկը չի ընտրել, ապա այդ առարկային(ներին) ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը վերաբաշխվում է տվյալ դասարանի սովորողների կողմից ընտրված ուսումնական առարկաներին, և կազմվում է տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական պլանը:

Դասարանի ուսումնական պլանին համապատասխան` կազմվում է տվյալ դասարանի դասացուցակը: Սովորողը մասնակցում է միայն իր ընտրած առարկաների դասարանային ուսումնական պարապմունքներին:

Եթե սովորողի կողմից ընտրած առարկաների դասարանային ուսուցման պարապմունքների ընդհանուր ժամաքանակը շաբաթվա ընթացքում պակաս է 31 դասաժամից, ապա պակաս ժամերի չափով նա մասնակցում է արտադասարանային ուսումնական պարապմունքներին:

Սովորողի արտադասարանային պարապմունքներին մասնակցության տևողությունը որոշվում է 31 ժամի և սովորողի դասացուցակային բեռնվածության տարբերությամբ: Սովորողն իր տնօրինմանը հատկացված 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ Հաստատությունում կամ այլ հաստատություններում:

Հրամանը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 13-ից։