Search
Close this search box.

Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը մահացել է

ArmDaily.am-ի տեղեկություններով` Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը երեկ մահացել է։ Կինը նախ Երևան էր տեղափոխվել թունավորմամբ ու արգանդային սուր արյունահոսությամբ: «Միքայելյան» հիվանդանոցում նրա վիճակը կայունացրել էին, ապա տեղափոխել «Իջևանի» ԲԿ, իսկ այնտեղից էլ տեղափոխել էին «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»։ Կնոջը հոգեբուժարանից տեղափոխել են «Սևանի» ԲԿ, որտեղ վերջինս մահացել է։

ArmDaily.am-ի հետ զրույցում «Սևանի» ԲԿ-ի տնօրեն Գայանե Էլիզբարյանը հայտնեց, որ երեկ մահվան դեպք է գրանցվել. «Երեկ «Սևանի» ԲԿ-ում կնոջ մահվան դեպք է գրանցվել, կինը տեղափոխվել էր հիվանդանոց «Սևանի» հոգեբուժարանից»։

Հարցին՝ ո՞րն է եղել մահվան պատճառը, արդյոք ճի՞շտ է մեր այն տեղեկությունը, որ կնոջ մահվան պատճառը դեղորայքը կամ դրանց բացակայությունն է եղել՝ Էլիզբարյանը պատասխանեց. «Նախաքննությունը կպարզի մահվան պատճառը, ես մահվան պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց մահը դեղերից չի եղել»։

Նա նաև նշեց, որ կինը մի շարք խնդիրներ է ունեցել՝ չմանրամասներով, թե խոսքն ինչի մասին է։

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ի տնօրեն Դավիթ Կարապետյանից, ով նշեց, որ հոգեբուժարանում մահվան որևէ դեպք չի գրանցվել, սակայն այլ հարցերի հրաժարվեց պատասխանել, նշելով, որ դիմենք Առողջապահության նախարարություն։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Սևան»-ի հոգեբուժարանում մահվան դեպք չի գրանցվել, մահվան դեպք գրանցվել է «Սևան» ԲԿ-ում, սակայն չի կարող նույնացնել։

Ոստիկանությունից էլ ArmDaily.am-ին հայտնեցին, որ երեկ «Սևանի» ԲԿ-ից քաղաքացու մահվան վերաբերյալ ահազանգ ստացվել է ոստիկանության Սևանի բաժնում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4-ամյա և 6-ամյա թոռներին։

6-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: