Search
Close this search box.

Կարանտինի առավելագույն ժամկետը կարող է ձգվել մինչև 6 ամիս. Արտակարգ դրության փոխարեն՝ կարանտին

ԱԺ–ն այսօր արտահերթ նիստում քննարկելու է կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների ծավալուն փաթեթը՝ ուղղված արտակարգ դրության ռեժիմի փոխարեն այլ սահմանափակումներ կիրառելուն ու դրանով կորոնավիրուսի տարածումը կանխելուն։

Մինչ ԱԺ նիստի մեկնարկը կառավարության օրենսդրական նախաձեռնությունները նախ քննարկվում են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

Նախագծերի փաթեթը ներկայացնող արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ արտակարգ դրության փոխարեն այսուհետ կարող է հայտարարվել կարանտին որոշակի տարածքում։ Կախված հիվանդության տարածվածությունից կարանտին հայտարարողը կարող է լինել մարզպետը, կամ համայնքի ղեկավարը, կամ կառավարությունը։

«Այն դեպքում, երբ համաճարակն ընդգրկում է 2 և ավելի մարզ, կամ ամբողջ երկիրը, կառավարությունն է նախաձեռնում կարանտին սահմանելու որոշումը»,– ասաց Գրիգորյանը։

Կարանտինի առավելագույն ժամկետը կարող է ձգվել մինչև 6 ամիս և անհրաժեշտության դեպքում` երկարացվել։

Կարանտինի ընթացքում կարանտինի գոտում կիրառվում է մուտքի–ելքի սահմանափակում, ընդհուպ մինչև պետական սահմանի փակում, տվյալ տարածքից ապրանքների ներմուծման ու արտահանման սահմանափակումներ, ինչպես նաև կրթական հաստատությունների փակում։

«Տնտեսական գործունեությունը կարող է սահմանափակվել միայն այն բացառիկ դեպքերում, երբ այդ ձեռնարկությունները հանդիսանում են համաճարակի աղբյուր»,– ասաց փոխնախարարը։

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում նաև վարչական ու քրեական օրենսգրքերում։ Պատասխանատվության միջոցներ են նախատեսված կարանտինի, մեկուսացման ու ինքնամեկուսացման ռեժիմների խախտման, անհատական պաշտպանության միջոցների չկիրառման համար։

Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով` պատասխանատվության միջոցները հիմնականում համընկնում են այսօր արտակարգ ռեժիմի ժամանակ գործող միջոցների հետ։ Փոփոխություն է կատարվել նաև վարչական պատասխանատվության ենթարկելու ակտերի բողոքարկման ժամկետներում։ Եթե գործող օրենքով քաղաքացին 1 ամիս ժամանակ ունի այն դատարանում բողոքարկելու, ապա առաջարկվող փոփոխության ընդունումից հետո ընդամենը 10 օր կունենա։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։