Search
Close this search box.

Կրակոցներ Երևանում․ վիրավորներից երկուսը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ որդիներն են

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տեղեկությունների՝ 4 քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցից։ Վիրավորներից երկուսը հանցագործ աշխահում մեծ հեղինակություն համարվող «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիներն են:

Այս պահին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզում են դեպքի վայրը։

***

Այս պահին ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դեպքի վայրը, որը Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակն է, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և հողաթափեր: Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննիչները, ովքեր դեպքի վայրի զննություն են կատարում: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը:

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: