Search
Close this search box.

Շրջակա միջավայրի նախկին նախարարը խաբել է. ինչ է բացահայտել նոր նախարարը

ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը իր ներկայացրած երկամյա գործունեության հաշվետվության մեջ 19-րդ կետով նշել էր, որ Սևանա լճում դադարեցվել է ցանցավանդակային մասնավոր ձկնաբուծական տնտեսության գործունեությունը։ Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսությունները գտնվում են Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի ենթակայության տակ: «Էկոլուրի» տվյալներով՝ Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամում տեղյակ չեն, թե ինչ ցանցավանդակային մասնավոր ձկնաբուծական տնտեսության գործունեություն է դադարեցվել։

Հիմնադրամի կողմից ստեղծված «Սևան Ակվա» ՓԲԸ-ն իրականացնում է իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձկան արտադրություն, ապրանքային ձկան աճեցում Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներում: Իսկ հիմնադրամի ստեղծած «Սևանի իշխան» ՓԲԸ-ն իրականացնում է «Սևան Ակվա» ՓԲԸ-ի արտադրած իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների ապրանքային ձկան վերամշակումն ու իրացումը:

«Սևան Ակվա» ՓԲԸ-ին պատկանող ցանցավանդակային տնտեսությունում առկա է 12 ցանցավանդակ, որոնցում բուծվում են 250 տոննա ընդհանուր քաշով գեղարքունի և ամառային իշխանի՝ 80-4000 գրամ միջին քաշով ձկներ:

Նախօրեին, ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը այցելել է Սևանի իշխանի աճեցման ցանցավանդակային տնտեսություն՝ մասնակցելով ձկների կերակրման գործընթացին: Վերջինս իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է, որ Սևանի իշխանի աճեցման ցանցավանդակային տնտեսությունում առկա է 12 հիմնական ցանց, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը տարեկան կազմում է շուրջ 1000 տոննա։ Այդ օրը Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 280.000 մանրաձուկ՝ գեղարքունի իշխան։

ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը նշում է, որ նորանշանակ նախարարի այս այցը նպաստել է հերթական ստի բացահայտմանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ղազարյանն ասաց՝ Ռոմանոս Պետրոսյանի ուշադրության կենտրոնում պետք է լինի նախկին նախարարի ներկայացրած, այսպես կոչված, ձեռքբերումների ու բարեփոխումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, քանի որ դրանում ներկայացված բարեփոխումները մանիպուլյացիաներ են ու ապատեղեկատվություն, որը հրամցվում է հասարակությանը։

«2018 թվականից ոչ մի գնահատական չի տրվել ոչ միայն այս գերատեսչության, այլև մյուս ոլորտային գերատեսչությունների աշխատանքներին։ Ավելին՝ շարունակվեցին հին իներցիայով իմիտացիոն գործընթացներ՝ մանիպուլյատիվ գործիքների կիրառմամբ։ Արդյունքում մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ նախկին նախարարը (Էրիկ Գրիգորյան խմբ․) գնացել է, արդյունքներ է ներկայացրել, որոնք, ցավոք սրտի, նախարարության կայքում ևս տեղադրված են։ Առանց ստուգելու այդ տեղեկատվությունը, այն հրամցվում է հասարակությանը։ Սևանի, անտառկառավարման, հիդրոկայանների, արտեզյան ավազանի հետ կապված այն, ինչ ասվում է, իրականությանը չի համապատասխանում։ Հիմա անգամ այդ մերկապարանոց հայտարարություններին գնահատական չի տրվում։ Այդ վիճակում մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ, Ամուլսարի խնդիր, Սևանի էկոլոգիական վատթար վիճակ և այլն։ Մենք պատրաստ չենք այդ մարտահրավերներին, քանի որ շարունակում ենք նույն ոճով պահել փնթի, անգրագետ կառավարման համակարգը, որն այսօր զբաղված է լղոզելով, ապատեղեկատվություն տարածելով։

Կոնկրետ գործողություններ ուղղակի չեն արվում։ Կարծում եմ, որ նախարար փոխելու ու աշխատանքին օբյեկտիվ գնահատական չտալու գործելաոճը բնորոշ է նախկին իշխանություններին։ Մենք պետք է դադարենք նման գործելաոճով առաջ շարժվելը։ Մենք պետք է մտածենք համակարգային փոփոխություններ կատարելու մասին։ Պետք է այնպիսի ներուժ, կարողություններ ձևավորել, որ կարողանանք այդ մարտահրավերներին դիմակայել»,- ասաց բնապահպանության նախկին փոխնախարարը։

Հարցին՝ ո՞րն է շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի նպատակը հասարակությանը ներկայացնել չիրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, որպես նախարար իր անունը մաքրելու նպատա՞կ ունի, թե՞ այլ գործոններ կան, Այսեր Ղազարյանը նշեց՝ պատճառները տարբեր են, այդ թվում՝ վերը նշվածը։ «Դրա տակ մի քանի պատճառներ կան։ Շոուներ սարքելու, տարբեր միջազգային ծրագրերում չակերտավոր փորձագետ լինելու ու արդյունքներ ցույց տալու այդ պրակտիկան ձևավորվեց պետական գերատեսչությունում աշխատելու ընթացքում։

Այսինքն՝ չանել գործողություններ, բայց դրանք ներկայացնել, սուբյեկտիվ շահեր սպասարկել։ Սա նման է նախկին իշխանությունների գործելաոճին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Այսեր Ղազարյանի խոսքերով՝ շատ կարևոր է, որ վարչապետը գնահատական տա այս ամեն ինչին, պետք է ուսումնասիրվի դրանց իրականությանը համապատասխանությունը։