Search
Close this search box.

Ուրախ կլինե՞ն, եթե անկախանա Գեղարքունիքի մարզը

Չեմ հասկանում նրանց, ովքեր սեպտեմբերի 2-ին տոնում են ԼՂՀ-ի անկախությունը: Ավելին, երբեք չեմ հասկացել, թե ի՞նչ է նշանակում ԼՂՀ, ումի՞ց է այն անկախացել 1991թ սեպտեմբերի 2-ին, ինչու՞ են ՀՀ քաղաքացիներն ուրախանում այդ անկախացմամբ, արդյո՞ք վերջիններս նույնօրինակ ուրախ կլինեն, եթե անկախանա, օրինակ, Գեղարքունիքի մարզը:
Ինչու՞ չեմ հասկանում:

Որովհետև գիտեմ, որ եթե 1989թ դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը վերամիավորվել են, ապա 1991թ սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ն անկախացել է Հայաստանից:

Որովհետև գիտեմ, որ 1991թ սեպտեմբերի 2-ից սկսած ՀՀ Գերագույն խորհրդի և, հետագայում նաև Ազգային Ժողովի բոլոր որոշումներն ապօրինի են, քանզի դրանց օգտին, դեմ կամ ձեռնպահ են քվեարկել Լեռնային Ղարաբաղից ընտրված պատգամավորները, որոնք ԼՂՀ-ի անկախությունից հետո իրավունք չունեին գտնվել ՀՀ Գերագույն Խորհրդում:
Որովհետև գիտեմ, որ անձամբ ես և ազգիս բացարձակ մեծամասնությունը պայքարել և զրկանքներ ենք կրել հանուն Միացյալ Հայաստանի, այլ ոչ հայկական երկրորդ պետության ստեղծման համար:

Որովհետև գիտեմ, որ ազգիս արյունն է թափվել հանուն միասնական Հայրենիքի, այլ ոչ ԼՂ-ում ռոումինգ կիրառելու համար:
Որովհետև գիտեմ, որ իմ ճանաչած ամենաազնվագույն մարդկանցից մեկը՝ Լեոնիդ Ազգալդյանն ասում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ:

Շատ բան գիտեմ և շատ բան եմ հիշում: Ամբողջը թվարկել անհնար է: Ասեմ միայն, որ չի կարող քաղաքական, տնտեսական, տարածքային և էթնիկական միասնականության խզումը տոն համարվել: Չկա այդպիսի բան: Ես չեմ կարող պատկերացնել որևէ ողջամիտ կորեացու, ում համար տոն լինի երկու կորեական պետությունների ստեղծումը: Չկար ողջամիտ գեթ մեկ գերմանացի, որը կողջուներ երկու Գերմանիաների գոյությունը:

Նույնը Օսեթիայի, Սուդանի և այլոց դեպքում: Այդ առումով, մենք միակ երկիրն ենք, որտեղ տոնում են մեզանից անկախացած երկրի անկախության օրը: Ավելին, մենք այն երկիրն ենք, որտեղ պետական մակարդակով ողջունում են քաղաքական, տնտեսական, տարածքային և էթնիկական միասնականության խզումը: Ահա այսպիսի հիմնավորմամբ ես այս օրը տոն համարել չեմ կարող:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից