Search
Close this search box.

Ալկոհոլային թունավորումից մահացածներից երկուսն աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանում. նոր մանրամասներ

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյան հայտնել է, որ ալկոհոլային թունավորումից մահացել է ինը արմավիրցիներ, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում:
Մահացածներից երկուսը եղել են քաղաքապետի գործընկերները՝ աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: 9 անձ մահացել է, ևս 2 անձ գտնվում է ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.: Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: