Search
Close this search box.

Հայտնի է` ինչն է եղել ոստիկանների ու Մալաքյան եղբայրների վեճի պատճառը. մանրամասներ

«Արարատ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։

Նշենք, որ նրանք այս պահին ձերբակալված են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։

Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով`միջադեպի պատճառը եղել է այն, որ «Փյունիկ» ՖԱ-ի խաղացող Արաս Օզբիլիսը որոշել է մեքենան կայանել Կասկադի հարակից տարածքում։ Երբ ոստիկանները ցանկացել են տուգանել նրան ոչ ճիշտ տեղում կայանելու համար, նույն մեքենայից դուրս են եկել Մալաքյան եղբայրները, որոնք սկսել են վիճաբանել ոստիկանների հետ և հայհոյանքներ հնչեցնել։ Տղաները ոստիկաններից պահանջել են չտուգանել Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկին։ Այդ պահին միջադեպին ականատես է եղել մեկ այլ ոստիկան, որն իր կնոջ հետ է եղել։ Նա փորձել է կարգի հրավիրել եղբայրներին, բայց նրանք վիճաբանությունը շարունակել են նաև վերջինիս հետ։

Հիշեցնենք`օգոստոսի 30-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՖՖ–ի կարգապահական կոմիտեն դեռևս չի հասցրել նիստ գումարել, որտեղ կորոշվի, թե քանի խաղ բաց կթողեն Մալաքյան եղբայրները որպես կարգապահական տույժ։