Search
Close this search box.

Վտանգավոր սերտաճում Հայաստանում. ադրբեջանական քարոզչության խոպանը

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը բավականին արագ որսացել է Հայաստանում Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով բռնկված քննարկումներն ու, այսպես ասած, քաղաքական փոխհրաձգությունները, թեև դրանց պարագայում քաղաքական հասկացությունը, թերևս, գերագնահատված բնորոշում է: Բոլոր դեպքերում, Բաքվում հաջողությամբ և արագ որսացել են Հայաստանում փոխադարձ մեղադրանքների պահը, որոնց արդյունքում կրկին հասունացել է «հող հանձնելու», այսպես կոչված, դիսկուրսը: Չնայած դրա խիստ անորակությանը և, մեծ հաշվով, անբովանդակությանը, այդուհանդերձ դրանում էլ հնարավոր է գտնել ազգային անվտանգության համար ռացիոնալ հատիկ՝ այն իմաստով, որ Հայաստանում ձևավորվում է «հանձնելու» շուրջ հանրային ավելի ու ավելի կարծր դիմադրություն, թեև դեռևս 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ընդամենը 1-2 տոկոս ընտրող կա, որը պատրաստ է քվեարկել այսպես ասած՝ փոխզիջումային կարգավորման օգտին:

Այդուհանդերձ, երբ խոսքը վերաբերում է պետականության անվտանգության ողնաշար խնդրին, այստեղ հանրային գիտակցության ուղղությամբ աշխատանքը պահանջում է մշտականություն: Հարցն այն է, որ այդ աշխատանքը իրականացվի ոչ թե ադրբեջանական քարոզչությունը, այլ հենց հանրային գիտակցությունն ու հայկական քաղաքական դիսկուրսը հարստացնելով: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում վաղուց ժամանակն է, որպեսզի ձևավորվեն արցախյան հարցում քաղաքական բովանդակային փաթեթներ, որոնք կպարունակեն մի կողմից ազգային անվտանգության ողնաշարի հանդեպ կարծր պատասխանատվություն, մյուս կողմից կներառեն բովանդակություն, որը միանգամայն հասկանալի և լեգիտիմ կերպով կհամալրի միջազգային անվտանգության շուրջ ծավալվող համաշխարհային դիսկուրսը:

Հայաստանյան ներքաղաքական կյանքում իսպառ բացակայում է այդ աշխատանքը: Պարզ վկայությունն այն է, ինչ այսօր ծավալվում է Հայաստանի քաղաքական ուժերի և մեդիա-փորձագիտական շրջանակի գերակշռող մասի օրակարգում: Ներանձնային և ներխմբային ինտրիգներ, բամբասանքի մակարդակի քաղաքական հռետորաբանություն, կենցաղային բնույթի ազդակներ հանրությանը, ցածր և լայն սպառման քաղաքական բառամթերք և բովանդակություն: Սա ամենևին չի նշանակում, որ քաղաքականությունը պետք է լինի էլիտար մի զբաղմունք, որը հասանելի պետք է լինի լոկ «քաղաքական գլամուրին»:

Հարցն այն է, որ քաղաքականությունը պետք է հանրամատչելի ձևով ներկայանա հանրությանը պետական և ազգային ռազմավարական առաջնահերթությունների առանցքով և դրա շուրջ ձևավորված փաթեթով, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ կենցաղն ու քաղաքականությունը պետք է լինեն տարբերակված: Պետությունների և հասարակությունների համար կործանարար է ոչ միայն բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, ոչ միայն փողի և իշխանության սերտաճումը, այլ նաև քաղաքականության և խոհանոցային կամ լվացքատնային կենցաղի սերտաճումը:

Այստեղ մի միջավայրը մյուսին ստորադասելու հարց չէ, բացարձակապես: Խոհանոցը, լվացքատունը, դրանք մարդկային կենսագործունեության՝ ընդհուպ քաղաքակրթական հանգրվաններ են: Խնդիրն այն է, որ ցանկացած կարևորագույն միջավայր խեղվում է, երբ տեղի է ունենում միջավայրերի խառնածին սերտաճում: Հայաստանը գտնվում է աշխարհակարգային վերափոխումների կիզակետ ռեգիոնում, ունենալով աշխարհակարգի ճարտարապետության իմաստով հիմնարար նշանակություն ունեցող հարցեր, սակայն հայաստանյան քաղաքական կյանքն ու դիսկուրսը գտնվում են կենցաղի գերակայության ներքո, և հիմնական ներկապնակի որևէ քաղաքական ուժ կամ հասարակական-քաղաքական ազդեցիկ խումբ չի անում քաղաքականությունը դրանից վեր բարձրացնելու հիմնարար փորձ:

1in.am