Search
Close this search box.

Նոր սկանդալ. Թուրքիան գերմանական օդանավին արգելել է թռչել իր օդային տարածքով և տանել հայ խաղաղապահներին

Թուրքիան Գերմանիայի զինված ուժերի օդանավին արգելել է իր օդային տարածով ժամանել Հայաստան և ժամանակին տեղափոխել Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական Spiegel -ը:

Ինքնաթիռը հուլիսին Գերմանիայից Հայաստան էր ուղևորվում Աֆղանստանում գերմանական հրամանատարության ներքո ծառայող հայ խաղաղապահներին վերցնելու համար: Լրատվամիջոցը նշում է, որ թուրք դիսպետչերն ինքնաբուխ կերպով և առանց պատճառի հրաժարվել է ռազմական ինքնաթիռին Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն տալուց: Խնդիրը չի լուծվել նաև Թուրքիայի իշխանությունների կողմից և Գերմանիան ստիպված է եղել օդանավը Հայաստան ուղարկել ավելի երկար ճանապարհով՝ օգտվելով Ռուսաստանի օդային տարածքից և միայն օգոստոսի կեսերին կարողնալով տեղափոխել հայ խաղաղապահներին։

Լրատվամիջոցը նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար սովորական երևույթ է իրար տարածքով թռչելու թույլտվություն տալը: Այս հանգամանքով պայմանավորված, գերմանացի զինվորականները միջադեպը համարում են Անկարայի կողմից դիտավորյալ սադրանք։ Լրատվամիջոցը հիշեցնում է Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև դիրքորոշումը Օսմանյան կայսրության կողմից 1915թ. կազմակերպված և իրականացված 1,5 միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության նկատմամբ, որը մինչև օրս թուրքական կառավարությունը հրաժարվում է ընդունել: