Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է հայ սպա Գուրգեն Ալավերդյանը հայտնվել Ադրբեջանում․ Պարզաբանում է պաշտպանության նախարարը

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասին, նշեց, որ կատարվում է ծառայողական քննություն, նաև առաջիկայում քրեական գործ կհարուցվի. «Արդյունքում մենք կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել: Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է՝ ու հայտնվել հակառակորդի կողմում։

Արդյո՞ք նա առևանգվել է, կամ այլ պայմաններ են եղել, դեռ պետք է պարզենք: Դրանից կախված տարբեր միջազգային կառույցներում կաշխատենք: Այս պահին մեր պահանջն այն է, որ ԿԽՄԿ-ն առնվազն այցելի մեր զինծառայողին, ինչն այս պահին չի եղել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, Տոնոյանը նշեց, որ գոյություն ունեն ստանդարտ պրոցեդուրաներ, որոնցով ցանկացած իշխանություն տեղեկացվում է, զգուշացվում, որ խախտում են կատարել, դրանից հետո արձագանքներ են լինում. «Մենք վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ-ի շրջանակներում, և՛ ԿԽՄԿ շրջանակներում, և՛ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում այդ ամենը կատարելու համար:

Բայց կան վերադարձման պայմաններ՝ փոխանակում և այլն: Սակայն այս պահին այդ մասին խոսել չենք կարող: Գլխավորն անվտանգությունն ու առողջ լինելն է»: