Search
Close this search box.

Ստիպում էին, չէիր կարող չկարդալ. Հակոբ Ինջիղուլյանը հիշում է՝ 3 զինված ադրբեջանցի ինչպես էին հսկում հարցազրույցի ժամանակ

armtimes.com-ը գրում է

2013-ի օգոստոսին մոլորվելու հետեւանքով Ադրբեջանում հայտնված եւ բազմաթիվ փորձություններ հաղթահարելուց հետո երրորդ երկիր տեղափոխվելու միջոցով 2014-ի հոկտեմբերին Հայաստան վերադարձած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը դիտել է հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ երեկ հրապարակված տեսանյութը եւ վստահ է, որ սպան այդ տեքստը ո՛չ անձամբ գրել է, ո՛չ էլ իր կամքով կարդացել. ըստ Ինջիղուլյանի՝ Ալավերդյանին ակնհայտորեն սպառնացել են:

Հիշեցնենք, որ խոսքը երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութի մասին է, որում Ադրբեջանում հայտնված հայ սպան ընթերցում է իր անձնական եւ զորամասին վերաբերող տեղեկություններ, խոսում ինչ-որ ծրագրված դիվերսիայի մասին:

Հակոբ Ինջիղուլյանի եւ Գուրգեն Ալավերդյանի դեպքերը նման են ոչ միայն նրանց մոլորվելու հանգամանքներով պայմանավորված, այլ այն պատճառով, որ Ինջիղուլյանին եւս ժամանակին սպառնալիքներով ստիպում էին տեքստեր արտասանել: Նրան մասնավորապես ստիպել էին ասել, որ իր դասակի հրամանատարը հարբած վիճակում իրեն ստիպել է մթին գնալ եւ ջուր բերել, որի պատճառով էլ ինքը մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանական տարածքում:

Ստորեւ մեր զրույցը Հակոբ Ինջիղուլյանի հետ.

-Հակո՛բ, տարիներ առաջ դուք մոլորվեցիք եւ հայտնվեցիք Ադրբեջանում: Այնտեղ ձեզ ինչ-որ հարցազրույցներ էին պարտադրվում, որոնց մասին դուք խոսեցիք Հայաստան վերադառնալուց հետո միայն: Մեկ տարուց ավելի պահանջվեց, որ դուք հասնեք նրան, որ ձեզ երրորդ երկիր տեղափոխվեն, որտեղից էլ գաք Հայաստան: Վստահ եմ՝ տեղյակ եք, որ հայ սպա է հայտնվել Ադրբեջանում, դիտե՞լ եք նրա մասնակցությամբ տեսանյութը, ի՞նչ կարծիք ունեք:
-Ես այսօր առավոտյան նայեցի, պարզ կարող ենք համեմատել իմ դեպքի հետ: Կարող եմ ասել, որ ինքը կարդում էր այդ ամենը, որովհետեւ ինքը, լինելով սպա, չի կարող կմկմալով խոսել, առավել եւս՝ կարդալ:

-Հավանաբար նկատել եք, որ իրականում տեքստն էր շատ անգրագետ հայերենով գրված: Ըստ ձեզ՝ Ադրբեջանում նորմալ հայերեն իմացող չկա՞, որ բառերի վերջավորությունը ճիշտ գրեր, թե՞ հատուկ էր արված:
-Հայերեն խոսողներ կան, բայց գրավոր տեքստին հավանաբար չեն տիրապետել:

-Գուրգեն Ալավերդյանը հրապարակեց իր հասցեն, քաղաքի անունը, զորամասի հասցեն եւ այլ գաղտնի տվյալներ: Այդպիսի տվյալներ չհրապարակելու հնարավորություն լինո՞ւմ է գերության մեջ:
-Չէ՛, ես էլ եմ ասել, թե որտեղ եմ ծնվել, որ դպրոցն եմ հաճախել, ստիպում էին, չէիր կարող չասել: Հավանաբար ստիպել են, ինքն էլ, իր կյանքի մասին մտածելով, կարդացել է, ցանկացած մարդ էլ էդպես կվարվեր: Որովհետեւ չես կարող խաբել իրենց, կարող է բռնվես:

-Իսկ ի՞նչ են անում բռնվելու դեպքում:
-Իմ պարագայում կարող էր գնդակահարության հասցվեր: Էդպես էին սպառնում:

-Ինչպե՞ս էին սպառնում: Կադրի մյուս կողմը չի երեւում, կադրում միայն սպան է: Ի՞նչ տեսարան կարող է լինել կադրից դուրս:
-Իմ պարագայում կամերայի հետեւում մի հոգի հայերեն խոսող մարդ էր, որը ստիպում էր՝ ոնց ասեմ, ոնց չասեմ էն կեղծ հարցազրույցների ժամանակ: Մեկ էլ զենքերով մի քանի զինվոր էին կանգնած կամերայի հետեւի մասում:

-Զենքը խոսողի վրա ուղղա՞ծ:
-Հա՛, հա՛, էդպես:

-Հակո՛բ, Դուք շատ արագ 3-րդ երկիր տեղափոխվելու ցանկություն հայտնեցիք, ինչը բավարարվեց: Գուրգեն Ալավերդյանը ե՞րբ կկարողանա նման հարց բարձրացնել:
-Երբ որ Կարմիր խաչը այցելի, այդ ժամանակ: Եթե, իհարկե, թույլ տան իրեն:

-Կարմիր խաչի հետ զրույցը վերահսկվո՞ւմ է, կարող են թույլ չտա՞լ:
-Կարող են թույլ չտալ, կարող են մինչեւ Կարմիր խաչի այցելելը իրեն ասել՝ ինչ պիտի խոսի:

-Իսկ եթե հակառակվի, կարող են Կարմիր խաչի այցից հետո պատժե՞լ:
-Ամեն ինչ էլ սպասելի է իրենցից:

-Ձեր կարծիքով՝ այս պահին ի՞նչ հնարավորություն կա նրան վերադարձնելու համար, պետությունը, միջազգային կառույցները ի՞նչ պետք է անեն:
-Փոխանակում պետք է լինի կամ երրորդ երկրի տարբերակը, դժվարանում եմ ասել: