Search
Close this search box.

Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել

ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման մասին ուղեցույց է հրապարակել, որում ներկայացված են սովորողի համար կանոններ։ Ըստ այդ կանոնների՝

1.Բացառվում է սովորողի հաճախումը դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝

ա. սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը, մասնավորապես՝

արյան բարձր ճնշում

շաքարային դիաբետ

սրտի հիվանդություն

սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ)

քրոնիկ շնչառական հիվանդություն

քաղցկեղ:

բ. տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ:

գ. տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից:

2.Այն սովորողների համար, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը, ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Հեռավար եղանակով ուսուցումը կազմակերպվում է կենտրոնացված՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20 մայիսի 2020 թ. N 09-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով: Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում հեռավար կամ տնային ուսուցումը կարող է կազմակերպվել անմիջապես դպրոցի կողմից:

3.Դպրոցը մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոն է ներկայացնում այն սովորողների տվյալները, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը։

4.Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում և 37 կամ ավելի բարձր ջերմաստիճան ջերմություն ունենալու դեպքում դիմում երեխայի հաշվառման բժշկական կազմակերպություն և տեղեկացնում դպրոցին՝ երեխայի դպրոց չհաճախելու մասին:

5.Սովորողը դպրոց է գալիս մեկանգամյա կամ բազմակի օգտագործման դիմակով: Մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ տրամադրում է մեկանգամյա օգտագործման դիմակ:

6.Սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։

7.Սովորողի բացակայության դեպքում դասղեկը այդ մասին տեղյակ է պահում դպրոցի բուժքրոջը կամ տնօրենին, ով իր հերթին տեղեկացնում է տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությանը:

8.Սովորողները ընդունում են իրավիճակով պայմանավորված փոփոխությունները, նոր պահանջները և պատշաճ կերպով հետևում դրանց:

9.Սովորողները աջակցում են հիվանդությունը հաղթահարած և դպրոց վերադարձած ընկերներին:

10.Դպրոցում գտնվելու ընթացքում վարակի համախտանիշների առկայության դեպքում սովորողները տեղեկացնում են ուսուցչին կամ ծնողներին:

11.Սովորողները հետևում են համավարակին վերաբերող հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությանը:

12.Սովորողները անձնական օգտագործման իրերով, գրենական պիտույքներով՝ չեն կիսվում դասընկերների հետ:

13.Ծնողները ամրապնդում են երեխաների ձեռք բերած նոր հիգիենիկ վարքագիծը տանը գտնվելու ընթացքում:

14.Ծնողներն իրականացնում են ծնող-ուսուցիչ համակարգված հաղորդակցություն և աջակցում առողջ և ապահով դպրոցի պահպանմանը: