Search
Close this search box.

Պավել Մանուկյանը սուր ինֆարկտ է տարել

Ազատամարտիկ, «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. նա սուր ինֆարկտ է տարել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Պավել Մանուկյանը սուր ինֆարկտ է տարել, որի հետեւանքով թոքերի եւ երիկամների հետ խնդիր է առաջացել։ Այսօր կայուն ծանր է վիճակը։ Գիտակցությունը տեղն է։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 20-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատավարությանը Փոստանջյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանք, որտեղ նշված էր, որ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է։

«Սասնա ծռերի» գործով դատավարությունը մոտենում է ավարտին։

Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազներն արդեն հանդես են եկել մեղադրական ճառով։

Մեղադրող կողմը դատարանին միջնորդել է Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով, Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ սահմանել՝ 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի, 9 ամիս, Վարուժան Ավետսիյանին 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բասեղյանին՝ ցմահ ազատազրկում։