Search
Close this search box.

Կորոնավիրուսի երկու զոհ՝ գյումրեցի մի ընտանիքից․ 30-ամյա երիտասարդից մի քանի օր առաջ մահացել էր մայրը. Aravot.am

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել էր 30-ամյա տղամարդ, որը, սակայն, ըստ առողջապահության նախարարության տվյալների, ուղեկցող որևէ հիվանդություն չի ունեցել։ Այս դեպքը մեծ ցավ ու մտահոգություն է առաջացրել շատերի մոտ, հատկապես երիտասարդին ճանաչողների, որոնք ֆեյսբուքյան էջերում կիսվել են նրա ընտանիքի լուսանկարներով՝ չհավատալով կատարվածին։ Երիտասարդը Գյումրիի բնակիչ է, նա երկու երեխաների հայր է։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանն Aravot.am-ին փոխանցել է, որ երիտասարդի հայրը հուլիսի 31-ին է տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց քովիդ դրական թոքաբորբով, իսկ ինքն ու մայրը՝ օգոստոսի 2-ին։

Օգոստոսի 5-ին ընտանիքի բոլոր երեք անդամներին տեղափոխել են մայրաքաղաք՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Երևանում նախ մահացել է 51-ամյա մայրը, չնայած որ, ըստ Լեյլի Ասլանյանի, նրա մահն անսպասելի էր․ Գյումրու ինֆեկցիոնում նրա վիճակը վատ չի եղել, ամուսինն ու որդին ավելի ծանր վիճակում են եղել, քան նա։

Մորը պարզապես Երևան են ուղարկել, քանի որ կարիք կար մայրաքաղաք տեղափոխելու ընտանիքի մյուս անդամներին։ Մոր մահից մի քանի օր անց մահացել է որդին, իսկ հայրն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Aravot.am-ի տեղեկություններով՝ ընտանիքի անդամներն աշխատում են ռուսական ռազմաբազայի շտաբում։