Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուկաշենկոն պատրաստ է փոխանցել լիազորությունները, իսկ Սվետլանա Տիխանովսկայանն էլ հայտնել է ազգային առաջնորդ դառնալու մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում երկրում իշխանական լիազորությունների վերաբաշխումն իրականացնել սահմանադրական գործընթացներով, այլ ոչ թե փողոցային ակցիաների միջոցով, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Բելառուսի նախագահը հիշեցրել է, որ հիմա աշխատանք է կատարվում երկրի Սահմանադրության փոփոխության տարբերակների վրա, որը նախատեսում է իշխանական լիազորությունների վերաբաշխում։ «Չի կարելի այս Սահմանադրությունը տալ անհասկանալի մեկին։ Որովհետեւ աղետ կլինի։ Ես ամենաշատը դրանից եմ վախենում»,- շեշտել է նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է, որ այս իմաստով պատրաստ է կիսել նախագահական լիազորությունները։ «Նոր Սահմանադրությունն անհրաժեշտ է։ Ինձ 2 տարբերակ են առաջարկել։ Ես դրանք մերժել եմ, որովհետեւ դրանք սրանից քիչ են տարբերվում։ Աշխատանք է տարվում երրորդ տարբերակի վրա։ Եկեք, նստեք, եւ աշխատենք Սահմանդրության վրա։ Հանրաքվեի կդնենք, ընդունում ենք Սահմանադրությունը, եւ ես Սահմանադրության համաձայն ձեզ եմ փոխանցում իմ լիազորությունները։ Բայց ոչ ճնշման ներքո եւ ոչ փողոցի միջոցով»,- հայտարարել է պետության ղեկավարը։

«Այո, ես սուրբ չեմ։ Դուք ծանոթ եք իմ խստությանը։ Դուք գիտեք, որ եթե խստություն չլիներ, երկիրն էլ չէր լինի։ Դուք հաստատապես գիտեք, որ ես ձեր երեխաներին չեմ վնասի եւ երկիրը ոչ մեկին չեմ տա։ Սա գլխավորն է»,- շեշտել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ես հավերժական չեմ։ Բայց եթե դուք կործանեք առաջին նախագահին, դուք կկործանեք, ինչպես հարեւան երկրներում, մնացյալ ամենքին։ Բելառուսները չպետք է դա անեն»,- ասել է պետության ղեկավարը։

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայանն էլ հայտնել է ազգային առաջնորդ դառնալու պատրաստակամության մասին: Նրա տեսաուղերձը տեղադրվել է LIFE Shot Telegram-յան հեռուստաալիքում:

«Ես պատրանքներ չունեմ և չեմ էլ ունեցել, ես երբեք չեմ ցանկացել քաղաքական գործիչ դառնալ», – ասել է նա՝ հավելելով, որ «ինքը հայտնվել է կամայականության դիմակայության հենց առաջնագծում»: Տիխանովսկայան իր հիացմունքն է հայտնել ցուցարարների քաջության և կազմակերպվածության նկատմամբ:

Նախագահի թեկնածուի խոսքով՝ անհրաժեշտ է հնարավորինս շուտ պատրաստել օրենսդրական դաշտը և պայմանները՝ նոր նախագահական ընտրություններ կազմակերպելու համար: Նախագահի թեկնածուն իր տեսաուղերձում խոստացել է «ընդունել» կառավարության անկեղծորեն զղջացող կողմնակիցներին: