Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»․ Լուկաշենկոն` գործադուլի մասնակիցներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարել Մինսկի անվային քարշակների գործարանի տարածքում, որտեղ վերջինս հանդիպել է գործադուլավորների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոմեքենաների երթևեկությունը գործարանի տարածքում սահմանափակված չէ։ Ուղղաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 10։00-ի սահմաններում։

Լուկաշենկոն Մինսկի անվային քարշակների գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրում նոր ընտրություններ չեն անցկացվի:

«Երբևէ չսպասեք, թե ճնշման տակ ինչ-որ բան կարող եմ անել։ Նրանք չեն գա իշխանության գլուխ։ Քանի որ չի լինի ո՛չ Մինսկի անվային քարշակների գործարանը, ո՛չ Մինսկի ավտոմոբիլային գործարանը, և ո՛չ էլ Բելառուսի ավտոմոբիլային գործարանը․ կես տարվա ընթացքում կոչնչացվի ամեն ինչ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։

«Դուք խոսում եք անարդար ընտրությունների մասին և ցանկանում եք անցկացնել արդար ընտրություննե՞ր», — հարցրել է նախագահը: «Ես պատասխանում եմ այս հարցին. մենք ընտրություններ անցկացրել ենք: Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»,- հավելել է նա:

Նա կոչ է արել իշխանական լիազորությունների վերաբաշխում իրականացնել սահմանադրական գործընթացի միջոցով, այլ ոչ թե փողոցային ակցիաների միջոցով։

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ հավելյալ աշխատատեղեր է բացել, որպեսզի մարդկանց առանց ապրուստի միջոցի չթողնի։

««Վատ» նախագահը հավելյալ աշխատատեղեր էր բացել, որպեսզի մարդկանց փողոցում չթողներ։ Ով ուզում է աշխատել, թող աշխատի։ Չեն ուզում աշխատել, դե ինչ, մենք նրանց չենք ստիպի»,- ասել է Լուկաշենկոն։