Search
Close this search box.

Նազարբաևի դուստրը մեկնաբանել է որդու մահը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգան, հաստատել է իր որդու՝ Այսուլթանի մահը: Նրա մեկնաբանությունը հրապարակվել է «Նուրսուլթան Նազարբաև» հիմնադրամի կայքում ՝ կիրակի, օգոստոսի 16-ին:

«Իմ ընտանիքը խորապես զգում է մեր սիրելի Այսուլթանի մահը, և մեզ համար այս շատ ծանր պահին մենք հույս ունենք, որ հասարակությունը ըմբռնում և հարգանք կցուցաբերի մեր անդառնալի կորստի նկատմամբ», – իր ուղերձում ասել է Նազարբաևան:

Որդու մահվան մանրամասների մասին նա չի խոսել։

Նազարբաևի թոռան՝ Այսուլթանի մահվան մասին ավելի վաղ, օգոստոսի 16-ին հաղորդել էին մի շարք լրատվամիջոցներ: Նշվում է, որ 30-ամյա տղամարդը մահացել է Լոնդոնում: Ըստ նախնական տվյալների՝ նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, սակայն նրա մահվան ճշգրիտ պատճառը դեռևս չի նշվում:

2019-ի հուլիսին հաղորդվել էր, որ Լոնդոնում գտնվող Այսուլթանը կծել է ոստիկանին, որը փորձել էր խանգարել նրան ինքնասպանություն գործել: Ղազախստանի առաջին նախագահի թոռանն այդ ժամանակ դատապարտեցին մեկ տարվա պայմանական ազատազրկման, 140 ժամ հանրային աշխատանքի և մի քանի հազար ֆունտ ստեռլինգ վնասի փոխհատուցման, ինչպես նաև պարտավորեցրել էին թմրանյութերից կախվածության բուժում անցնել։