Search
Close this search box.

Մեդիագրագիտությունը Հայաստանում

Ինչ է մեդիագրագիտությունը, որոնք են հայերի համար տեղեկատվության հիմնական աղբյուրներն, այս և այլ հարցերի շուրջ խոսում սոցիոլոգ, կրթության փորձագետ, դասախոս Լիլիթ Շաքարյանը:

21-րդ դարում մարդկությունն ապրում է մեդիայով հագեցած սոցիալական տարածությունում՝ պաստառներ, էկրաններ, հաղորդագրություններ, գովազդներ, խաղեր։ Տարածություն, որում մեդիան պարզապես տեղեկատվության տարածման միջոց չէ, այլև ձևավորում է հասարակական կարծիք, ազդում մարդկանց վարքագծի, որոշումների, աշխարհայացքի և նախասիրությունների վրա: «Ձևավորվել է մեդիամշակույթ, որտեղ կերպարները, հնչյուններն ու տեսարանները օգնում են ստեղծել առօրյա կյանքի հյուսվածքը, գերակշռում են ժամանցի մեջ, ձևավորում են քաղաքական հայացքներ և սոցիալական վարքագիծ, ինչպես նաև տրամադրում են նյութեր, որոնցով մարդիկ կերտում են սեփական ինքնությունը» (Կելլներ 1995, 1):

Այսօրինակ մեդիա միջավայրում, սահմանը նորությունների և զվարճանքի միջև մի կողմից, նորությունների և քարոզչության միջև մյուս կողմից առավել լղոզված է դառնում, և մեդիան դադարում է միայն տեղեկատվության շրջանառման միջավայր լինելուց: Հետևաբար, մեդիա հաղորդագրությունների ճիշտ վերծանումըժամանակակից մարդու կարևորագույն հմտություններից պետք է լինի:

Այդ իսկ պատճառով մեդիա-հագեցած աշխարհում արդիական է դառնում մեդիագրագիտության հայեցակարգը՝ ցանկացած տեղեկատվություն ընտրելու, վերլուծելու և ճիշտ գնահատելու ունակությունը։
Մեդիագրագիտության հիմքում ընկած է մոդել, որը խրախուսում է մարդկանց հարց տալ այն մասին, թե ինչ են նայում, տեսնում կամ կարդում։Մեդիագրագիտությունը թույլ է տալիս սպառողներին վերլուծել մեդիահաղորդագրությունները, որպեսզի կարողանան տարբերակել քարոզչությունը, գրաքննությունը, կամ միակողմանիությունընորությունների և հանրային ծրագրերի մեջ, ինչպես նաև հասկանալ այնպիսի կառուցվածքային տարրեր, ինչպիսիք են մեդիայի սեփականատերը, նրանց ֆինանսավորման մոդելը, որն իրականում ազդում է տեղեկատվության բնույթի վրա: Մեդիակրթության փորձագետ Էլիզաբեթ Թոմանի խոսքով ՝ մեդիագրագիտությունը երեք փուլ ունի․

• Առաջին փուլում գիտակցվում է մեդիայի համար “դիետայի” սահմանման կարևորությունը, այսինքն՝ հեռուստատեսության, էլեկտրոնային խաղերի, ֆիլմերի և տարբեր տպագիր լրատվամիջոցների հետ անցկացվող ժամանակի սահմանափակումը։

• Երկրորդ փուլը քննադատական դիտման, վերլուծականհմտությունների ուսուցման փուլն է․ինչ է գտնվում կադրում, ինչպես է այն կառուցված, ինչ տեղեկություն է հաղորդվում և ինչը կարող է բաց թողնված լինել:

•Երրորդ փուլն արդեն ենթադրում է ավելի խորը վերլուծություն՝խորքային խնդիրների բացահայտման նպատակով. ով է պատրաստում “մեդիա արտադրանքը”, որը մենք սպառում ենքև ինչ նպատակներով, ի՞նչ նպատակ են հետապնդում արտադրողները, ո՞ւմ է ուղղված ասելիքը, ո ՞վ է այս ամենից շահում, ո՞վ է տուժում…

Սոցիալական, քաղաքական և տնտեսական վերլուծության այս փուլում դիտարկվում է, թե ինչպես է հասարակության յուրաքանչյուր անդամ իմաստավորում մեդիա հաղորդագրությունները և ինչպես է մեդիան կառավարում մեր գլոբալ սպառողական տնտեսությունը:

Մեդիանկարևոր դեր է խաղում յուրաքանչյուր մարդու կյանքում, ձևավորելով արժեքներ, սոցիալական նորմեր, դիրքորոշումներ, վարքագծի մոդելներ, կյանքի սցենարներ և աշխարհի պատկերն ընդհանուր առմամբ: Ընդ որում, մեդիատեղեկատվության ոչ միայն արտադրությունն, այլև սպառումը դառնում է ժամանակակից մարդու ինքնուրույն գործունեության տեսակ։ Ժամանակակից հեղինակների տեսական հայեցակարգերի ամփոփման հիման վրա կարելի է առանձնացնել մեդիագրագիտության գնահատման հետևյալ ցուցանիշները.

1. Հասանելիություն․ վերաբերվում է մեդիայի օգտագործման հնարավորություններին։ Տարբերակվում են․ ա) ֆիզիկական հասանելիություն մեդիային և մեդիա բովանդակաությանը, բ) ճանաչողական և գործնականհասանելիություն՝ կապված մեդիան պատշաճ կերպովօգտագործելուհետ։

2. Վերլուծություն և գնահատում: Վերաբերում է ա) մեդիա բովանդակությունը կարդալու, հասկանալու և գնահատելու ունակությանը և բ) հնարավորությանը հասկանալու և ճանաչելու մեդիայի պայմանները և ունակությունները որպես գործիքներ (քննադատական մտածողություն և անձնական ինքնավարություն)։

3. Հաղորդակցման իրավասություն. հմտություններ, որոնք թույլ են տալիս մարդկանց ստեղծել հաղորդագրություններ տարբեր կոդերից, ապա տարածել դրանք՝ օգտագործելով տարբեր մատչելի լրատվամիջոցներ (ստեղծագործական հմտություններ, տեխնիկական հմտություններ, սոցիալական հմտություններ)։

Ամփոփելով Հայաստանում անցկացված մեդիագրագիտության վերաբերյալ տարբեր հետազոտությունների արդյունքները՝ պարզ է դառնում, որ հայերի համար տեղեկատվության հիմնական աղբյուրներն են հեռուստատեսությունն ու համացանցը։ Տեղեկատվություն ստանալու համար նախընտրելի լեզուն հայերենն է, ապա՝ ռուսերենը և հազվադեպ՝ անգլերենը։ Տեղեկատվության աղբյուրը մեծ ազդեցություն է ունենում մեր հայրենակիցների ընկալումների վրա՝ առօրյա կյանքի և երկրում տիրող իրավիճակի հետ կապված։ Հետևաբար, մարդիկ, որոնց համար ԶԼՄ-ները տեղեկատվության հիմնական աղբյուրն են, ավելի լավատես են երկրի ապագայի նկատմամբ, քան այն մարդիկ, ովքեր առօրյա շփումների (ընտանիքի անդամներ, ընկերներ, գործընկերներ) միջոցով են տեղեկատվություն ստանում. նրանք ավելի հոռետես են: Ավելին, կենտրոնանալով տարբեր լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության օգտագործման և տարածման վրա՝ կարելի է առանձնացնել պասիվ և ակտիվ մեդիասպառողների (ըստ Գերբների տերմինաբանության, 1976):

Ընդհանուր առմամբ, հայերն ավելի շատ հակված են տեղեկատվության պասիվ սպառմանը, քան ակտիվ: Որքան բարձր է ակտիվության մակարդակը, այնքան նվազում է դրա կիրառման հավանականությունը: Տեղեկատվության ակտիվ օգտագործումն առավելապես բնորոշ է կանանց համար, ավելի շատ միջին տարիքի մարդկանց և քաղաքային բնակավայրերում ապրող մարդկանց համար:

Ամփոփելով փաստենք, որ ժամանակակից իրականությունում մեդիան ոչ միայն կառուցակցում է իրականության զգացողություն, այլև ներկայացնում է իրականությունը՝ ֆրեյմավորելով իրադարձություններն ու իրավիճակները։ Այս համատեքստում արդիական են դառնում մեդիագրագիտության հմտությունները, որոնք օգնում են մեդիասպառողներինզարգացնել քննադատական դիրքորոշում, ճանաչել մեդիա հաղորդագրություններում օգտագործվող համոզման մեթոդները, տարբերակել քարոզչությունն օբյեկտիվ տեղեկատվությունից, և վերջապես խուսափել լրատվամիջոցների բացասական ազդեցությունից: