Search
Close this search box.

Միայն Լենա Նազարյանի՝ Տոկիոյի ավիատոմսի արժեքը բյուջեի վրա նստել է 1,2 մլն դրամ

Իմքայլական պատգամավորների առասպելական գործուղումների, օրապահիկների ու արկածների հարցը մամուլում ու սոցցանցերում ժամանակ առ ժամանակ քննարկումների առիթ է դառնում: Նախկին իշխանության ներկայացուցիչները քննադատում են ներկայիս պատգամավորներին, թե բյուջեով գործուղումների համար հատկացված միջոցները գերազանցել են ու առիթ-անառիթ մեկնել գործուղման: Ներկայիս իշխանության ներկայացուցիչներն էլ հիշեցնում են նախկինների «վոյաժների» սիրահար եւ շոփոգոլիկ ներկայացուցիչների մասին:

Aravot.am-ը ԱԺ աշխատակազմին հարցում է արել՝ պարզելու, թե հեղափոխությունից առաջ՝ 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում եւ հեղափոխությունից հետո՝ 2019-ի հունվարից մինչեւ 2020-ի հունվարն ընկած ժամանակահատվածում 6-րդ եւ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները

• որքա՞ն գումար են ծախսել գործուղումների վրա • բացի հատկացված միջոցներից հավելյալ միջոցներ ներգրավվե՞լ են գործուղումների համար

• յուրաքանչյուր գործուղման ծախսը որքա՞ն է կազմել՝ ավիատոմս, հյուրանոց եւ այլն

• գործուղումների ճանապարհածախս, կեցություն եւ այլն…եղել է բյուջեի՞ հաշվին, թե՞ հոգացել է հրավիրող կողմը

Այսպիսով, ներկայացնենք պայմանական ասած «հեղափոխականների» եւ «հակահեղափոխական» պատգամավորների ամենաուշագրավ գործուղումները:

Նախ, հեղափոխությունից հետո առաջին գործուղումները եղել են դեպի Ստրասբուրգ, այնուհետեւ՝ Բրյուսել, այնուհետեւ Մոսկվա ու Ստեփանակերտ, հետո՝ Վիեննա, Լոս Անջելես եւ այդպես շարունակ:

2019-ի ապրիլի 4-10-ը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պատվիրակությունը եղել է Դոհայում՝ Կատարի պետություն: Ուշագրավ է, որ 13 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում հյուրանոցի ծախսը յուրաքանչյուրի համար կազմել է առավելագույնը 666 հազար դրամ, իսկ Արարատ Միրզոյանի հյուրանոցային համարի ծախսը 900 հազարից ավելի է եղել:

Նույն կերպ անհասկանալի է պաշտոնական այցով Ստոկհոլմ կատարած գործուղման հյուրանոցային ծախսի հաշիվը: 2019-ի հունիսի 10-ից 13-ը Ստոկհոլմում, օրինակ, պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հյուրանոցային ծախսը կազմել է 147 հազար դրամ, Արարատ Միրզոյանի հյուրանոցային ծախսը նույն 3 օրվա համար կազմել է 316 հազար դրամ: Իսկ իրենց պատվիրակության կազմում մեկնած ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանի հյուրանոցային ծախսը նորից 3 օրվա համար կազմել է, ուշադրություն՝ 835 հազար դրամից ավելի, սրան գումարենք ավիատոմսի արժեքը՝ 352 հազար դրամ, ստացվում է, որ 3 օրում արարողակարգի վարչության պետին հետները տանելու համար բյուջեից վճարել ենք 1 մլն 187 հազար դրամ: Մոտ 800 հազարական դրամ էլ վճարել ենք ԱԺ օպերատորի ու լուսանկարչի համար:

2019-ի մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավա կատարած 4-օրյա այցի համար ընդդիմադիր պատգամավորի՝ Գեւորգ Գորգիսյանի համար հյուրանոցի ծախսը կազմում է 208 հազար դրամ, իսկ իշխանական պատգամավորի՝ Անդրանիկ Քոչարյանի համար՝ 295 հազար դրամ:

2019-ի հունիսի 24-ից 28-ը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Մանե Թանդիլյանի եւ այն ժամանակ Արարատ Միրզոյանի խորհրդական Քրիստինե Գրիգորյանի հետ գործուղման են մեկնել Տոկիո: Նույն օրը մեկնել են, նույն օրը վերադարձել, բայց Թանդիլյանի ու Գրիգորյանի ավիատոմսը բյուջեի վրա արժեցել է 644 հազար դրամ, իսկ Լենա Նազարյանինը՝ 1 մլն 207 հազար դրամ, 212 հազար դրամ էլ հյուրանոցի ծախսն է կազմել: Երբ փորձում ենք հասկանալ՝ այդ ի՞նչ կարեւոր առաքելությամբ է Ճապոնիա մեկնել տիկին Նազարյանը, որ կարող է արդարացնել այս հսկայական ծախսը, պարզվում է՝ գնացել է «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար:

Միայն 2019-ի հունիսի 24-28-ը իմքայլական պատգամավորներ Համազասպ Դանիելյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի՝ Մադրիդ-Լիսաբոն գործուղման համար, որ հանդիպեն Պորտուգալիայի պատգամավորների հետ, բյուջեից վճարել ենք 3 մլն դրամից ավելի:

2019-ի հուլիսի 3-6-ը Արարատ Միրզոյանը եռօրյա այցով Կիպրոս է գնացել՝ Նիկոսիա՝ 6 պատգամավորի ուղեկցությամբ: Բայց պատգամավորներից բացի Միրզոյանին ուղեկցել են ԱԺ աշխատակազմից եւս 6 հոգի ու այդ 3 օրվա համար միայն ավիատոմսի համար բյուջեից ծախսել են 6 մլն դրամից ավելի: Դեռ լավ է, որ հյուրանոցը եղել է հրավիրող կողմի հաշվին, թե չէ աստղաբաշխական մի հաշիվ էլ կեցության ծախս էինք փակելու: Բայց պետք է նշել, որ Կիպրոս կատարած այս այցելության հետ կապված Արարատ Միրզոյանը շատ ոգեւորված էր: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Պատիվ ունեցա ելույթ ունենալ Կիպրոսի խորհրդարանում. նախապես ասել էին, որ Կիպրոսի խորհրդարանում ծափահարությունները գրեթե արգելված են, եւ մեծ էր զարմանքս եւ հուզմունքս, երբ իմ ելույթից հետո դահլիճը ծափահարեց»: Հիմա մնում է ծափահարել գործուղման ծախսերին ու սուսուփուս փակել հաշիվը:

Հետո Արարատ Միրզոյանը Լիլիթ Մակունցի ու իմքայլական պատգամավոր Աննա Կարապետյանի հետ հուլիսի 14-18-ը գործուղման է գնացել Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք ուղղությամբ: Իշխանական խմբակցությունից բացի, այս գործուղմանը եղել են նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Միայն Արարատ Միրզոյանի ծախսը կազմում է 2 մլն 355 հազար դրամ, իսկ մյուս պատգամավորների հյուրանոցային ծախսը բյուջեի հաշվին չէ, միայն ավիատոմսն ենք վճարել: Բայց պատգամավորներից բացի բյուջեի հաշվին Արարատ Միրզոյանի հետ մեկնել են ԱԺ աշխատակազմից եւս 5 աշխատակից, այդ թվում՝ Վահան Կոստանյանը ու յուրաքանչյուրի տոմսի համար վճարվել է գրեթե 1 մլն 700 հազարական դրամ:

Սրանով այս գործուղման էպոպեան չի ավարտվում. հուլիսի 18-ին այդ գործուղումն ավարտվում է, բայց Արարատ Միրզոյանը մնում է Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորքներում հուլիսի 19-ից 21-ը, այս անգամ տոմսի արժեքը գրված է հրավիրող կողմի հաշվին, բայց հյուրանոցի հաշիվը փակում ենք մենք՝ 374 հազար դրամ: Բացի այդ, պատվիրակության կազմը հետ է եկել, իսկ Արարատ Միրզոյանն իր խորհրդական Վահան Կոստանյանի հետ հուլիսի 25-26-ը մնացել է այնտեղ, այս անգամ 1 օրվա համար հյուրանոցի ծախս ենք վճարել՝ մոտ 130 հազարական դրամ:

Ընդհանրապես այս գործուղումների ծախսերն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ մենք ավիատոմսի գնումների հարցում լուրջ անելիքներ ունենք: Հսկայական միջոցներ ենք վատնում՝ անհասկանալի ու անտեղի, վատ կազմակերպչական աշխատանքի համար: Օրինակ, 2019-ի հոկտեմբերի 9-ից 12-ը Արարատ Միրզոյանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, ընդդիմադիր ու իշխանական մի քանի պատգամավորների հետ գնացել են Ամստերդամ գործուղման: Ալեն Սիմոնյանի ավիատոմսը գնել են 222 հազար դրամ, Արարատ Միրզոյանինը՝ 378 հազար դրամ, իսկ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանինը, որը նորից իրենց հետ նույն օրը մեկնել է, նրա տոմսն առել են 667 հազար դրամ: Ընդ որում, իր ու Արարատ Միրզոյանի հյուրանոցի ծախսը եղել է բյուջեի հաշվին եւ այս այցերը նախապես պլանավորած են եղել:

«Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանը Բելառուսի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն անելու համար 2019-ի նոյեմբերի 14-ին 4 օրով մեկնել է Մինսկ ու միայն հյուրանոցի ծախսը կազմել է 511 հազար դրամ: Գրեթե այդքան Վաշինգտոնում հյուրանոցի հաշիվ են փակել Մակունցի գլխավորությամբ ԱՄՆ մեկնած բարեկամական խմբի անդամները: Ի տարբերություն Սոս Ավետիսյանի, Մինսկ գնացած Վահագն Հովակիմյանն ու Քրիստինե Պողոսյանը հրավիրող կողմի հաշվին են մնացել ու միայն տոմսի ծախսն է եղել բյուջեից՝ 219 հազարական դրամ:

2019-ի դեկտեմբերի 1-5-ը Բրյուսել մեկնել են իմքայլականներ Ռուբեն Ռուբինյանը, Արման Եղոյան ու Գայանե Աբրահամյանը, նրանց հետ է եղել նաեւ ԱԺ արտաքին կապերի վարչության պետը՝ Արման Իսրայելյանը: Բոլորի հյուրանոցի ծախսը կազմել է առավելագույնը 428 հազար դրամ, դեռ Արման Եղոյանի տոմսի ծախսն էլ հրավիրող կողմի հաշվին է եղել: Իսկ Ռուբինյանի հյուրանոցի հաշիվը բյուջեի հաշվին կազմել է 536 հազար դրամ:

Aravot.am-ը գործուղումների հարցով զրուցել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ, նրա պարզաբանումներին անդրադարձ կլինի առաջիկայում:

Ու որպեսզի չստացվի, որ գործուղումների վրա ճոխ ծախսեր արել են միայն հեղափոխական պատգամավորները, հաջորդիվ կանդրադառնանք նաեւ նախկին իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Հերմինե Նաղդալյանի անհավանական ծախսերին: