Search
Close this search box.

Բաքուն պատրաստվում է դիմել հերթական սադրանքի. բլոգերը զգուշացնում է հայերին

Ադրբեջանական կառավարությունը հերթական սադրանքի փորձն է անում, այս անգամ Իսրայելում։ Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում Իսրայելի ադրբեջանաբնակ համայնքի շրջանում տարածվող թռուցիկի լուսանկար է տեղադրել։ Թռուցիկում ադրբեջանցիներին կոչ են անում օգոստոսի 9-ին միանալ Թել Ավիվի հայկական եկեղեցու մոտ կազմակերպվող ցույցին։ Լապշինի կարծիքով՝ սա Մոսկվայում հայերի դեմ ուղղված հարձակումներն ու անկարգությունները նաև Իսրայելում տարածելու փորձ է։

«Կարծում եմ, որ ժողովրդավարական երկրում ցանկացած համայնք իր կարծիքն արտահայտելու, խաղաղ ցույցի, իր պահանջների մասին բարձրաձայնելու իրավունք ունի։ Բայց երբ ցույցի անցկացման վայր է ընտրվել ոչ թե քաղաքի կենտրոնը, ոչ թե ինչ-որ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, դա սադրանքի ուղիղ ճանապարհ է։ Դա նշանակում է, որ բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ ցույցի են դուրս գալու հայկական եկեղեցու մոտ, որը պաշտպանելու համար մեծ թվով քրիստոնյաներ են գալու։ «Տաք գլուխներ» կան բարիկադների երկու կողմերում էլ, իսկ այն կողմում նաև Բաքվից են հուշում։ Կարծում եմ՝ դա սխալ է։ Չի կարելի դիպչել կրոնին, չի կարելի եկեղեցին, մզկիթը կամ սինագոգը դարձնել հարաբերությունները պարզելու և սադրանքների վայր»,- գրել է Լապշինը։

Նա նշել է, որ Իսրայելի հայ համայնքի փոխարեն ինքը կդիմեր իսրայելական ոստիկանությանը՝ խնդրելով արգելել եկեղեցու մոտ հավաք անցկացնելը՝ խուսափելով կրոնական անհանդուրժողականության դրսևորումից։ Բլոգերը վստահ է՝ քրիստոնյաներն ու մահմեդականները չպետք է դեմ առ դեմ հայտնվեն հարաբերություններ պարզելու համար։ Այլապես դա արդեն ոչ թե ժողովրդավարություն է, այլ դեպի քաոս տանող ճանապարհ։

Լապշինի կարծիքով՝ Իսրայելի կրոնական գործիչները պետք է դատապարտեն հանրահավաքի վայրի ընտրությունը։

«Թել Ավիվ-Յաֆոն միշտ եղել է հրեաների, մահմեդականների և քրիստոնյաների խաղաղ գոյակցության խորհրդանիշ։ Չի կարելի թույլ տալ, որ Բաքվի ակտիվիստները խախտեն հավասարակշռությունը և կրոնական ատելություն բերեն քաղաք»,- հավելել է բլոգերը։

Նա իսրայելահայերին խորհուրդ է տվել բարոյապես պատրաստ լինել ադրբեջանական կողմից վանդալիզմի գործողություններին։ Նա չի բացառում նաև համայնքի ակտիվիստների դեմ հարձակումները։ Լապշինը մտահոգ է՝ հարձակումներն ու վանդալիզմի փորձերը կարող են հայկական այլ կառույցների ուղղությամբ էլ լինել, այդ թվում՝ հուշարձանների, գերեզմանատան։