Search
Close this search box.

Իրականում ինչու Բագրատյանը հեռացավ ԲՀԿ-ից. իշխանության ջանքերն այլևս ապարդյուն են

Այսօր ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հրապարակել էր պարզաբանում « թե ինչու է մոտ մեկ շաբաթ առաջ դիմել ԱԺ նախագահին» ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու համար:

Այդ պարզաբանման իմաստն այն էր, որ Բագրատյանը իրեն գաղափարապես ավելի հոգեհարազատ է զգում գործող իշխանության և կառավարության, քան այդ կառավարության հրաժարականը պահանջող ԲՀԿ-ի հետ:

Իհարկե յուրաքանչյուր մարդ, այդ թվում և պատգամավորը գաղափարական տրանսֆորմացիայի իրավունք ունի, իրավունք ունի ընդդիմադիրից վերածվելու իշխանամետի և հակառակը: Այստեղ կարևորն այն է, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այդ տրանսֆորմացիան, իսկ ավելի կոնկրետ դա եղել է բնական թե հարկադրանքի ճանապարհով:

Դատելով Բագրատյանի դիմումից առաջ ԲՀԿ- կառավարություն հակադրության աստիճանից, Բագրատյանը գաղափարական տրանսֆորմացիայի է ենթարկվել շատ կոշտ հարկադրանքի արդյունքում, նրան ուղղակի ստիպել են դուրս գալ ԲՀԿ խմբակցությունից, օգտագործելով նրա նկատմամբ ունեցած քրեական հետապնդման նյութերը: Արդյունքում Բագրատյանը բարոյական խայտառակությունը գերադասել է իրավական պատասխանատվությունից: Սա իր ընտրությունն է, և դրա համար պաասխանատու է միայն ինքը:

Մեզ ավելի շատ հետաքրքրում է իշխանության բարոյականությունը կամ դրա իսպառ բացակայությունը: Բագրատյանի հայտարարությունը բացահայտում է, որ իշխանությունը չի խորշում որևէ միջոցից իր քաղաքական հակառակորդների դեմ քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար:

Բագրատյանին ԲՀԿ-ից «հանելն» Փաշինյանի իշխանության պատասխանն էր կառավարության հրաժարականը պահանջող ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ըստ էության Բագրատյանը հայտարարեց, որ ինքը դեմ էր հրաժարականի պահանջին: Ավելին հայտնի է, որ իշխանությունը ճնշման միջոցներ է կիրառել այլ ԲՀԿ-ականների նկատմամբ ևս, որոնք բարեբախտաբար անարդյունք են եղել:

Նման ողորմելի գործելաոճը ամենևին էլ նորություն չէ, և հայ հանրությունը դրա ականատեսն է եղել նաև 2006թ., երբ հիմա հալածյալի կարգավիճակով հանդես եկեղ, իսկ այդ ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը մի օրվա ընթացքում քանդեց Օրինաց երկիր խմբակցությունը՝ միայն այն պատճառով, որ Բաղդասարյանը համարձակվել էր Քոչարյանի քաղաքական գծից տարբերվող միտք արտահայտել:

Այն ժամանակ դա կոչվեց անասնագողություն, և իշխանությունը մարսեց դրա հետևանքները: Բարեբախտաբար ԲՀԿ-ն ՕԵԿ չէ, և կարելի է վստահաբար ասել, որ Բագրատյանի նախադեպը շարունակություն չի ունենա: Իսկ թե իշխանությունը ինչպիսի պատասխանատվության կենթարկվի իր այս գործելաոճի համար, կախված է միայն ԲՀԿ-ականների հետևողականությունից:

Armlife.am