Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաիլանդի ոստիկանությունը անզոր է հսկողության տակ առնել քաղցած ու գազազած կապիկների խմբերին

Թաիլանդի ոստիկանությունը խոստովանել է, որ անզոր է հսկողության տակ առնել քաղցած ու գազազած կապիկների խմբերին, որոնք ներխուժել են թաիլանդական Լոպբուրի քաղաք, գրում է Daily Mail պարբերականը:

Լոպբուրիի փողոցներում միշտ էլ եղել են մակակներ, սակայն վերջերս դրանց թիվը զգալիորեն ավելացել է: Իրավիճակը բարդացել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին քաղաքում զբոսաշրջիկների բացակայության պատճառով, որոնք մշտապես կերակրել են կապիկներին: Այժմ 70 000 բնակիչ ունեցող քաղաքում ամենաքիչը 8400 մակակ կա:

Կապիկները գրավում են դատարկ տները, ջարդուփշուր անում խանութների ապակիները, գողանում են սնունդ և հարձակվում մարդկանց վրա:

Արդյունքում ամենատուժած թաղամասերում փակվել են տասնյակ խանութներ, երաժշտական դպրոց, կինոթատրոն և վարսավիրանոց:

New York Times պարբերականը նկարագրել է, թե ինչպես են կապիկները գրոհել սնունդ տեղափոխող բեռնատար մեքենան: Ոստիկան Նիրադ Ֆոլնգեունն անօգնական կերպով հետևել է, թե ինչ են անում կապիկները` զգալով, որ իր պայքարն անիմաստ է:

«Անիմաստ է: Մեկ վայրկյան հետո այստեղ ավելի շատ կապիկներ կլինեն»,-ասել է ոստիկանը:

Հյուրանոցատեր Իթիփհատ Տանսիտիկուլֆատին էլ նշել է, որ քաղաքում մարդկանց և կապիկների հավասարակշռությունը խախտվել է: