Search
Close this search box.

Դիմել ենք դատարան. դուք անբարոյական եք, դուք հանցագործ եք. Փոստանջյանը՝ Փաշինյանին եւ ԿԳՄՍ նախարարին

Դիմորդները տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել դիմելու տարբեր ֆակուլտետներ եւ ստանալով բարձր միավորներ, կարող էին անցնել այդ բաժիններից մեկը՝ անկախ նրանից, թե առաջին հայտով որտեղ էին նշել: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ այդ կարգի հիմա էլ շարունակում է գործել:

«Կառավարությունը մայիսի 21-ին ընդունել է որոշում, որով փոխել է ընդունելության կարգը՝ անդրադարձ չկատարելով նախկին որոշումներին: Կառավարությունը նման իրավասություն չուներ: Ցանկացած դեպքում, երբ կառավարությունը պետք է որոշում ընդունի, այդ որոշումը պետք է համապատասխանի Սահմանադրությանը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: Այսինքն պետք է անցկացվեր պետաիրավական փորձաքննություն եւ տրվեր եզրակացություն, թե արդյոք կառավարության նոր որոշումը կարող է հակասության մեջ գտնվել այլ նորմատիվ-իրավական ակտերի հետ: Ես կարծում եմ, որ նման եզրակացություն եղել է եւ այն եղել է բացասական, որ այսպիսի ակտ իրավունք չունեք ընդունելու»,-ասաց նա:

Փոստանջյանի խոսքով, դիմորդների մեծ մասը հայտերն առցանց լրացրել են հին կարգի դրույթներին համապատասխան. «Ցանկացած նորմատիվ իրավական ակտ, որը կարող է վատթարացնել անձի վիճակը, պետք է ունենա հնարավորություն ողջամիտ ժամկետում ուժի մեջ մտնելու: Կառավարությունն այդ նորմը չի պահպանել: Նախարարը պնդում է, որ ինքը «լայվի» միջոցով իրազեկել է, բայց «լայվը» պետության կողմից պաշտոնապես ճանաչված իրազեկման միջոց չէ: Ծանուցումը պետք է լինի պաշտոնապես եւ պետք է ողջամիտ ժամկետ լինի այն ուժի մեջ մտնելու համար: Չես կարող այսօր ընդունես, վաղը այն մտնի ուժի մեջ»:

Կուսակցության ղեկավարը տեղեկացրեց, որ այս պահին այդ որոշումն արդեն վիճարկվում է վարչական դատարանում. «Մենք պահանջում ենք վերացնել այդ որոշումը: Այն չի կարող տարածվել այն դիմորդների վրա, որոնք դրանից տուժել են:

Կառավարությունը պարտավոր է վերականգնել այդ դիմորդների իրավունքները, որոնք տուժել են այդ որոշումից, նրանցից ներողություն հայցի եւ հատուցի պատճառած վնասները: Եթե վարչապետը թույլ է տվել անփութություն, դա նույնպես պատասխանատվության ենթակա գործընթաց է:

Եթե նախկին իշխանությունն ասում էր՝ թղթերով ամեն ինչ կարգին է, ապա այս իշխանությունը նույնիսկ դա չի կարողանում ապահովել»,-ընդգծեց նա:

Ասուլիսին ներկա դիմորդներից մեկն ասաց, որ արդեն հարցը գնացել է դատարան, իրենք հասարակական շարժում են կազմակերպել, որը ոչ մի կապ չունի որեւէ քաղաքական ուժի հետ, եւ իրենք որեւէ քաղաքական շահեր չեն հետապնդում:

«Մենք պահանջում ենք տալ հնարավորություն ստացիոնար ուսում ստանալու:

Հարգելի պարոն նախարար, եւս մեկ անգամ հորդորում եմ՝ դուրս եկեք, մեր դեմ կանգնեք, զրուցենք եւ փորձենք ընդհանուր հայտարարի գալ, թե չէ մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն դատարանում»:

Իր հերթին Զարուհի Փոստանյանն ասաց. «Մենք միջնորդել ենք, որ դատարան հրավիրեն նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ ԿԳՄՍ նախարարին: Դուք անբարոյական եք, դուք հանցագործ եք, եթե թույլ չեք տալիս բարձր առաջադիմություն ունեցող դիմորդին կրթություն ստանալ:

Պարոն Փաշինյան, երեւի չեք մոռացել, թե ինչպես էիք հանգրվանել «Կոծ», ապա «Արթիկ» ՔԿՀ-ներում,, հիմա այդ քրեակատարողական հիմնարկները նորից ձեզ կընդունեն, ձեզ եւ ձեր ԿԳՄՍ նախարարին: Ես չեմ կասկածում, որ այստեղ աշխատել է կոռուպցիոն սխեմա, եւ դրա համար պետք է կանչվեք քրեական պատասխանատվության»: