Search
Close this search box.

Քաղաքական պատվերի շարունակություն կամ իրավական անգրագիտություն

Քիչ առաջ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կողմից հայտարարություն է հրապարակվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցվել:
Թերևս քաղաքական ասպեկտից սա այն անտրամաբանական «գործերի» տրամաբանական շարունակությունն է, ինչը վերջին շրջանում քաղաքական հետապնդման վառ օրինակ է դարձել, իսկ իրավական տեսանկյունից սա անգամ դիտարկելն է ծիծաղելի:Այն հիմնավորումը, որ դրվել է սույն հայտարարության և որոշման հիմքում՝ պարզապես աբսուրդային է, որովհետև օրենքն, այո՛, արգելում է քաղաքական գործչին զբաղվել ձեռնարկատիրությամբ, բայց միևնույն ժամանակ օրենքը չի արգելում սեփականատիրոջը որոշել իր գույքի կառավարչին, ինչը ևս տրամաբանական է:

Բացի այդ, Հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածը հստակ սահմանում է անհամատեղելիության պահանջները.
«Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»:

Բնական է՝ կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովի անդամները վստահաբար տիրապետում են օրենքի պահանջներին: Ավելին, յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ կարողանում է տրամաբանել, հասկանում է, որ սեփականատերը ոչ թե պաշտոն է, այլ կարգավիճակ: Բայց երբ այսքանից հետո նման վարույթ է հարուցվում, պարզ է դառնում, որ գործ ունենք հերթական քաղաքական պատվեր մասկի-շոուի հետ:

Իհարկե հասկանալի է, երբ կա քաղաքական նպատակ՝ կգտնվի նաև իրավական ձևակերպումը, ինչը բնականաբար ակնհայտ է այս դեպքում, բայց եկեք համաձայնենք, որ այսպես շարունակվելու դեպքում, ցավոք մեր երկրում շուտով իրավաբանությունը կդասվի չհարգված մասնագիտությունների շարքին…

Հասմիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից