Search
Close this search box.

Դուք ավելի վտանգավոր եք իմ երեխայի ապագայի համար, քան կորոնավիրուսը». դիմորդի ծնողը՝ նախարարին

Դիմորդները երեկ հստակ հայտարարեցին, որ պատրաստ են պայքարել մինչեւ վերջ, որովհետեւ մենք այդ դաստիարակությունն ենք իրենց տվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:

«Եթե վստահ եք որ ճիշտ եք, պետք է պայքարեք: Կյանքը պայքար է: Իրենք վստահ են որ ճիշտ են, պայքարելու են մինչեւ վերջ, այդպես են որոշել, իսկ մենք որպես ծնողներ, իրենց կողքին ենք, իրենց թեւեր ենք տալու եւ չենք կոտրելու էդ թեւերը: Իրենք թռնելու են եւ անպայման ճախրելու են, վստահ եղեք.,-ասաց ծնողը:

Նա հավելեց, որ երեխաները վստահում են միայն ՄԻ պաշտպան Արման Թաթոյանին եւ ուզում են, որ նա էստեղ լինի, երեխաների կողքին:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն, դիմորդի մեկ այլ ծնող պատասխանեց, որ անգամ չգիտի ինչ սպասել. «Որ սենց նախարար ունենանք, դժվար լավ բան սպասենք իրանից, եթե ինքը պետք ա որոշի: Մենք հեղափոխությունը չենք արել սրա համար, որ երեխեքը մնան դուրսը: Նախարարն ինձ առաջարկում ա, ասում ա՝ թող քո երեխան գնա թուրքագիտություն սովորի, ասեցի՝ Դուք գնացեք, սովորեք, իմ երեխային պետք չի, կոնկրետ երկու ֆակուլտետ է նշել, էդ է ուզում սովորի: Եթե ցածր ստանար, ես բան չէի ասի»:

Չընդունված դիմորդի ծնողը պատմեց, որ նախարարի հետ զրույցում ասել է՝ եթե երեք քննություն էր նախատեսված, ապա թող նույն կարգով, ինչպես անցկացրել են մեկ միասնական քննությունը, անցկացնեին նաեւ մյուս երկուսը, նախարարը պատասխանել է, որ վտանգավոր է:

«Ասեցի՝ սենց որ շարունակվի, Դուք ավելի վտանգավոր եք մեր երեխայի ապագայի համար, քան կորոնավիրուսը»,- ասաց նա:
news.am