Search
Close this search box.

Ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ` Մարգարիտա Սիմոնյանի` ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձի ամեն բառի տակ. Տիգրան Քեոսայան

Ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ` Մարգարիտա Սիմոնյանի` ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձի ամեն բառի տակ. Տիգրան Քեոսայան
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը` կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանը, իր թելեգրամյան ալիքում աջակցել է կնոջն ու հայտարարել, որ ստորագրում է նրա` մի քանի օր առաջ արված աղմկահարույց հայտարարության ամեն բառի տակ:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Անխոս, ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ` Մարգարիտա Սիմոնյանի` ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձի ամեն բառի տակ: Միգուցե միայն «թքել» բառը կփոխարինեի ավելի դիպուկ` «ձեռքերը լվանալ» արտահայտությամբ, ինչը ոչ մի կերպ չի փոխում ասվածի իմաստը:

Մարգարիտայի կողմից իր ուղերձի հրապարակումից հետո ամեն օր ինձ գրում են սոցիալական ցանցերում: Որոշները տաղանդի տարբեր մակարդակների դրսևորմամբ հայհոյում են ինձ, պահանջում են ծեծել կնոջս, շտապ փոխել ազգանունը, նույնիսկ ինչ-որ կայքում ստորագրահավաք են կազմակերպել այդ անհեթեթության համար:

Այդ ամենը խոսում է մի բանի մասին. Փաշինյանի գլխավորությամբ ծիածանագույն երիտասարդ սորոսականները հաջողել են ինչ-որ բան անել իմ հին ժողովրդի մի մասի հետ: Իմ պատանեկության տարիներին և հետագայում հայ տղամարդիկ չէին կարող կնոջ հետ այդ տոնով խոսել: Ռուս-հայկական համալսարանի ռեկտորը չէր կարող բառերն այդ աստիճան անտաղանդ ներառել արտահայտությունների մեջ, որոնցում այդքան հստակ միաձուլվել են վախկոտությունը, դավաճանությունն ու գռեհկությունը: Քանի որ հայ հասուն տղամարդը չէր կարող ավելի վաղ ֆինանսավորում ստանալ մի երկրից, որի դեմ այսպես կատաղի ելույթներ է ունենում:

Այդ մանրախնդիր նողկանքը հեշտությամբ փոխհատուցվում էր Մարգարիտայի դիրքորոշումը պաշտպանող և ամեն բառի տակ ստորագրել պատրաստ մարդկանց զանգերով և նամակներով:

Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես այս գրառումն անում եմ Մարգարիտային պաշտպանելու համար, շտապեմ տեղեկացնել, որ կինը, որը կարողացել է այդպես կոշտ և պատկերավոր ձևակերպել իրականությունը հայ-ռուսական ներկա հարաբերությունների և փաշինյանական իշխանության տոտալ ստի մասին, պաշտպանության կարիք չունի:

Իր գրառմամբ հայ հասարակությանը բորբոքելով՝ Մարգարիտան արդեն շատ ու շատ բան է արել Հայաստանի ապագայի համար: Հենց ապագայի համար, որն այսօրվա ռազմական իրողության պայմաններում կարող է չգալ: Հիմարներին արդեն չես փրկի, խելացիներն էլ շատ ճիշտ են հասկացել. Փաշինյանի գիծը՝ ուղղված հայ ազգի՝ որպես մեկ միասնական արյունատար համակարգի ոչնչացմանը, ազգային ինքնության և աշխարհում միակ իրական դաշնակցի կորուստը հանգեցրել են հանրապետության գոյության իրական սպառնալիքին։ Եվ այստեղ արդեն բարեկամության սուտ խոսքեր պետք չեն, այստեղ քայլեր են պետք:

Փաշինյանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության: Դրա համար չէ, որ նա վերցրել է իշխանությունն ու զոմբիացնում է մարդկանց:

Հույս կա միայն ուժեղ Հայոց բանակի վրա, որը հասարակության շրջանում արժանի հեղինակություն է վայելում: Բայց չեմ կարծում, որ առողջ միտք ունեցող մարդկանց մոտ լավատեսություն կլինի երկու ճակատով, որոնցից մեկը հայ-թուրքականն է, պատերազմի վերաբերյալ:

Խոսքն արդեն մանր վիրավորվածությունների և մեծ հավակնությունների մասին չէ, խոսքը Հայաստանի ապագա գոյության մասին է։ Արդյո՞ք այդ ապագան գոյություն ունի Հայաստանի այս ղեկավարության հետ: Իմ կարծիքով` ոչ: Եվ ոչ միայն իմ կարծիքով»,-գրել է Քեոսայանը:

Հիշեցնենք, որ իր աղմկահարույց գրառման մեջ Սիմոնյանը դիմել էր ՀՀ իշխանություններին՝ նրանց մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար՝ նշելով, որ վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն սպասել։