Search
Close this search box.

Արտաշատի ԲԿ-ն՝ նորածնի վաճառքի վերաբերյալ հաղորդագրության մասին

Արտաշատի բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Համացանցում շրջանառվող՝ նորածնի վաճառքի վերաբերյալ մասին հաղորդագրությունում ցավալի սխալմունք է առկա : Հաղորդագրությունում նշվում է՝ «Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո, նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ, երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երևանաբնակ ամուսինների։

Պայմանավորվածության համաձայն՝ ծննդաբերությունից հետո, հուլիսի 13-ին, բժշկական կենտրոնի մոտ կինը նորածին երեխային հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50 000 դրամ››:

Բացի այն, որ իրավական ու բարոյական տեսանկյուններից դատապարտելի և մեզ համար պարզապես անընդունելի է երեխաների վաճառքով զբաղվելը, ուզում ենք նշել, որ ցավալի այս դեպքը չէր կարող տեղի ունենալ մեր կենտրոնում նախ այն պարզ պատճառով, որ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը մարտի 31-ից վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն կենտրոնի և սպասարկում է բացառապես կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներին, հետևաբար մարտի 31-ից մեր կենտրոնում ծննդօգնություն ծառայությունը չի տրամադրվել, իսկ հաղորդագրության մեջ նշվում է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին:

Հարկ ենք համարում նաև ընդգծել՝ եթե նույնիսկ մեր կենտրոնում եղած լիներ ծննդաբերությունը, Արտաշատի ԲԿ- ում մերժելի են ու պարզապես բացառվում են այսօրինակ բոլոր երևույթները։

Ցավում ենք դեպքի առթիվ և դատապարտում ենք նմանատիպ բոլոր արարքները։ Համոզված ենք, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ երեխայի վաճառքի դեպք է տեղի ունեցել: