Search
Close this search box.

«Բազմաթիվ Նարինյանների մասին եմ ահազանգել շուրջ 6 տարի». Լրագրող Լուսինե Խաչատրյանը՝ իշխանության ներկայացուցիչներին

Պարոն Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Արման Բաբաջանյան
2019թ-ին փետրվար ամսին, երբ իմ անձնական գործով դիմում-բողոք էի ներկայացրել ԱԱԾ՝ օրեր առաջ մեղադրյալի կարգավիճաակում հայտնված, այսօր արդեն ձերբակալված դատավոր Գևորգ Նարինյանի հանցավոր արարքի վերաբերյալ՝ ԱԱԾ ղեկավարությունից սպառնալիք-նամակ ստացա՝ իբրև թե ես մեղադրանք եմ ներկայացնում դատավորի դեմ և զրպարտության համար կարող եմ պատժվել:

Ինձ ինքնասպանության, ինքնադատաստանի դրդող պետական պաշտոնյաների նպատակը միգուցե ևս միտված էր իրականացվող անթիվ ապօրինություններին ու անարդարություններին ուշադրություն հրավիրելուն, բայց, քանի որ այդքան անհավասարկշռված չէի՝ նման քայլերի դիմելու, այդ իսկ պատճառով էլ իմ բոլոր դիմում-բողոքները, հաղորդումներս մնացին անհետևանք:

Այսօրվա տուժողները ապացույցն են հետևյալի՝ եթե ժամանակին իմ հողորդումներին ընթացք տրվեր և ոչ թե կանխվեր անձնական կապեր ու կախվածություն ունեցող անձանց կողմից՝ պատկերը այլ կլիներ, իսկ այժմ կասկած չունեմ, որ իմ կողմից տրված ամեն հաղորդումից, դիմումից, բողոքից հետո ավելի էր ընդլայնվում թշնամիներիս շրջանակը և հանցագործներին պատժելու փոխարեն ինձ էին թիրախավորում, ինչը ակնհայտ վնասում էր իմ գործին:

Բազմաթիվ Նարինյանների մասին եմ ահազանգել շուրջ 6 տարի, հատկապես՝ վերջին 2 տարիներին և սպառնալիքների եմ արժանացել, իմ մատնանշածներին պատժելու փոխարեն ինձ են պատժել՝ խլելով ժամանակս, աշխատանքս, բնակարանս՝ վերջնականապես ոչնչացնելով ունեցվածքս:
Շարունակեք փայփայել ու թավշել հանցագործներին ու նրանց պաշտոնյա հովանավորներին, ոչնչացրեք ՀՀ հպարտ քաղաքացուն, անմեղ երեխաներին, ունեզրկեք, շպրտեք փողոց ու ստիպեք ապրել:

Լրագրող Լուսինե Խաչատրյան